ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովի պաշտոնանկությանը: Նա նշեց, որ վերջինս աշխատանքից ազատվել է իր որոշմամբ` սեփական դիմումի համաձայն, որից հետո պաշտոնանկության վերաբերյալ խոսակցություններ են շրջանառվել:
«Ասում էին, թե Դուշամբեում Ալիևն ու Փաշինյանը, երբ բարձրանում էին վերելակով, այնտեղ դավադիր պայմանավորվածություններ են եղել: Ասում էին, որ այնտեղ է եղել Հայրապետովը, նա լսել է այդ խոսակցությունն ու աշխատանքից ազատվել է հենց այդ պատճառով:
Ուրեմն, ես այնքան ապաշնորհ դավադիր եմ և անխելք, որ Ալիևի հետ առաջին շփման ընթացքում դավադրության մեջ եմ ներքաշվում և դա անում եմ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի 10 տարվա թիկնազորի ներկայությամբ: Մարդ, որի հետ շփվել եմ 4 ամիս: Նա այդքան ժամանակ է եղել իմ թիկնազորի ղեկավարը: Բայց, եթե անգամ այդպես է, դրանից հետո պետք է նրան ոչ թե պաշտոնից ազատեի, այլ պինդ պահեի, քանի որ այդպես նրա լռությունը կարող էի ապահովել, իսկ ազատ մարդը որտեղ, երբ, ինչ ուզենա, կարող է խոսել»,- ասաց Փաշինյանը: