Մենք չենք ուզում, որ գեներալական, նախարարական կամ որևէ կարգավիճակ մեզ հնարավորություն տա անարգել իրականացնել գործողություններ. Փաշինյան

Ասում են` Փաշինյանը թուլացնում է բանակն ու գեներալիտետը: 100 փաստ նոր Հայաստանի մասին սեպտեմբերի 16-ին իմ կողմից հրապարակված 31-41-րդ կետերում ներկայացրել եմ, թե այս ընթացքում ինչ է արել մեր կառավարությունը բանակի համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարող եք բացել և կարդալ այդ կետերը: Պաշտպանությանն ոլորտին ուղղված ծախսերը 2019 թվականին ավելացել են շուրջ 26 տոկոսով՝ կազմելով 313,2 միլիարդ դրամ նախորդ տարվա 247,8 միլիարդ դրամի դիմաց, Կառավարությունը 2,1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ է տրամադրել զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում` մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովվելու համար, 2019 թվականին հունիս-օգոստոս ամիսներին մոտ 5 տոկոսով ավելացել է արևային էներգիայով սնուցվող մարտական դիրքերի քանակը, 5-10 տոկոսով ավելացել են սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ՝ խոցման միջոցների քանակը: Շփման գծի 5 ուղղություններում բարելավվել են յուրային զորքերի դիրքերը: Առաջնագծում շուրջ 10 տոկոսով ավելացել են ժամանակակից տեսադիտարկման սարքերի քանակը: Զինվորներին սննդով ապահովելու նոր համակարգն էլ բանակի մարտունակության բարձարցման կարևոր գործոն է: 2019-ի ամառային զորակոչի ընթացքում զորակոչվել է կանխատեսվածից 15 տոկոս ավել քաղաքացի: Սա կառավարության նոր վերաբերմունքի արդյունք է բանակի վերաբերյալ:

Ասում են, թե մեր կառավարությունը գեներալիտետին վարկաբեկում և թուլացնում է: Սա ասվում է այն համատեքստում, որ կան բոլորիդ հայտնի քրեական գործեր, որոնցով անցնում են գեներալներ: Դա գաղտնիք չէ, բայց մենք միթե չենք պայմանավորվել, որ ՀՀ-ում օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն: Միթե մենք ուզում ենք այնպիսի հանրություն, այնպիսի իրավիճակ, որ գեներալական, նախարարական կամ որևէ կարգավիճակ մեզ հնարավորություն տա անարգել իրականացնել գործողություններ: Ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, սակայն այս համատեքստում ուզում եմ արձանագրել, թե այս 1,5 տարվա ընթացքում ինչ վերաբերմունք է ձևակերպել: Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց իմ նախաձեռնությամբ, ՀՀ նախագահի ստորագրությամբ ՀՀ մի շարք զինվորականներ ստացել են գեներալական կոչումներ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև շեշտեց, որ 1,5 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը նյութական աջակցություն է ցուցաբերել Արցախի Հանրապետությանը: Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը 3 մլրդ դրամի հավելյալ օգնություն է հատկացրել Արցախի կառավարությանը` զինվորական թոշակառուների բնակարանային հարցը լուծելի համար:

Tert.am