Մենք մեծ սպասելիքներ ունենք ՀՀ-Սփյուռք հարաբերություններից, բայց տրամադրված չենք այդ հարաբերություններն ամրացնելու նպատակով ներդրում անել. Զարեհ Սինանյան

Մենք մեծ սպասելիքներ ունենք ՀՀ-Սփյուռք հարաբերություններից, բայց ներդրումների իմաստով այդ հարաբերություններն ստեղծելու և ամրացնելու մեծ տրամադրվածություն չունենք. Ազգային ժողովի հանձնաժողովներում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: 

Նա զուգահեռներ անցկացրեց Իսրայելի հետ՝ որպես աշխարհում սփյուռք-հայրենիք համագործակցության լավագույն ոսկե ստանդարտ:

«Դա անվիճելիորեն Իսրայել պետությունն է, և Հայաստանի Հանրապետության նման շրջապատված է ոչ բարյացակամ պետություններով, պատմական լուրջ խնդիրներ ունի հարևանների հետ և այլն: Իսրայելն ունի այն առավելությունը, որ հարաբերություններն իր սփյուռքի հետ արդեն կայացած են, նախնական ներդրումները նրանք շուտ են արել, և այսօր իրենք միայն հարաբերությունները տաք են պահում: Հիմա այդքանով հանդերձ տեսեք ինչքան գումար են ծախսում այդ կայացած հարաբերություների համար»,- ասաց նա։

Զարեհ Սինանյանը նշեց, որ 2019-ին Իսրայելը պետբյուջեից իր սփյուռքի համագործակցության համար ծախսել է 280 մլն դոլար այն դեպքում, երբ երկրի բյուջեն կազմում է 110 մլրդ դոլար, այսինքն՝ հատկացնում է բյուջեի 0,25 տոկոսը, իսկ Հայաստանի բյուջեն 3,9 մլրդ դոլար է, և ՀՀ-Սփյուռք հարաբերությունները սաղմնային վիճակում են, իսկ հատկացումները կազմում են պետբյուջեի 0,04 տոկոսը»,- ասաց նա:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նաև նշեց, թե մարդիկ թերահավատորեն են մոտենում եղած ծրագրերին՝ ասելով, թե ներդրման դիմաց կոնկրետ արդյունք են ուզում:

«Մենք գործընթաց ենք սկսել Սփյուռքին բերելու, բայց եթե ակնկալում ենք, որ մեկ տարում մեկ ծրագրի միջոցով կարողանալու ենք բոլորին հավաքել, դա իրատեսական չէ, բայց շարունակական ծրագրերի միջոցով կարողանալու ենք մարդկանց մոտ մշակույթ ձևավորել, որ պետք է գաք, աշխատեք ձեր հայրենիքում, անկախ նրանից, թե ինչ համալսարանում եք սովորել, ինչ պոտենցիալ ունեք արտերկրում»,-ասաց նա:

Tert.am