ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը

ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը:

«Մարտիրոսյանը կաշխատի ներքին անվտանգության վարչությունում՝ որպես մաքսային տեսուչ»,- ասաց Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմայի վերաբերյալ գրառում էր արել.

«Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երեւանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայում պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է) Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով:

Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար՝ համաձայնությամբ: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետեւություններ անելու համար:

Հ.Գ. Ապրիլից այսկողմ բազմիցս համոզվել եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտներ սահմանելու խնդիր կա. սկսած պետական դրոշի տեխնիկական ստանդարտներից (ինչպիսին պետք է լինի հանդիսավոր միջոցառմանը տեղադրված պետական դրոշը, աշխատանքային միջավայրում տեղադրված դրոշը, բացօթյա տեղադրված պետական դրոշը եւ այլն) շարունակած նրա տեղադրման արարողությունով ու նրա նկատմամբ վերաբերմունքով:

Առաջիկայում պատրաստվում եմ այս թեմայով կոնկրետ հանձնարարություններ տալ»:

armtimes.com