Իշխանափոխության հիմքում ընկած են ատելության դրսևորումները. թշնամանքը բորբոքվում է նոր ուժով

«Հասարակության շրջանում ատելության և թշնամանքի մթնոլորտ ստեղծելու մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Ճիշտ է՝ Փաշինյանի գլխավորած թավշյա հեղափոխության շարժումն ընթանում էր սիրո և համերաշխության կարգախոսների ներքո, սակայն դրանք ընդամենը լոզունգներ էին, որոնք պետք է արտաքին շղարշ հաղորդեին տեղի ունեցող գործընթացներին: 

Իրականում իշխանափոխության հիմքում ընկած են ատելության դրսևորումները նրանց նկատմամբ, որոնք չեն սատարում հեղափոխության օրակարգը: Եթե թշնամանքի տարածման գործելակերպը աջակցություն չգտներ Փաշինյանի և նրա համախոհների կողմից, ապա այն ծայրահեղ դրսևորումներ չէր ստանա: 

Բոլորս էլ հիշում ենք, թե շարժման օրերին ինչպես էին սև ժապավեններ կախում նախկին իշխանավորների անուններով, դագաղներ դնում նրանց տների առջև, կատարում նրանց հուղարկավորությունը, ամենավերջին հայհոյանքներով արատավորում նրանց արժանապատվությունը:

Եվ թվում էր, թե իշխանափոխությունից որոշ ժամանակ անց ատելության տարածման գործելակերպը այլևս տեղ չի ունենա հասարակության կյանքում, սակայն Փաշինյանն իր հայտարարություններով կրկին ու կրկին թեժացնում էր թշնամանքի դոզան՝ ասֆալտին փռելու և պատերին ծեփելու իր հայտարարություններով: 

Դրան զուգահեռ՝ սոցցանցերում իշխանության հովանավորությամբ ֆեյքերի բանակը ամենավերջին լուտանքներ է տարածում այն մարդկանց հասցեին, որոնք համարձակվել են իշխանությունների «թանին թթու ասել»:

Չնայած բոլոր զգուշացումներին՝ նոր իշխանությունները շարունակեցին հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու և անտոգոնիզմ սերմանելու քաղաքականությունը, որի արդյունքում թշնամանքը բորբոքվում է նոր ուժով: 

Եվ տպավորություն է առաջանում, որ ներկայիս իշխանության համար լոկոմոտիվ է ոչ թե աշխատանքը և դրա արդյունքները, այլ ինչքան հնարավոր է նախկիններին սևացնելը, «նստեցնելը», որպեսզի իրենք լուսապսակներով երևան:

Սակայն նոր իշխանությունները դեռևս չեն գիտակցել, որ հանրային վստահության պաշարը կորցնելու հետ մեկտեղ հասարակության ներսում գեներացված թշնամանքի էներգիան, ցավոք, պարպվելու է իրենց գլխին, քանի որ հենց իրենք են պատասխանատու երկրում առկա իրավիճակի համար: 

Եվ արդեն իսկ նկատելի են դեպքեր, որ իշխանությունների կողմից խրախուսվող ատելությունը շրջվում է իրենց դեմ:

Օրերս հայտնի դարձավ, որ Երևան-Գյումրի մայրուղու վրա անհայտ անձինք տեղադրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով գերեզմանաքարը՝ «Մեռավ սուտ խոսալով» գրությամբ: 

Այս դեպքից հետո «Իմ քայլի» որոշ պատգամավորներ և իշխանության համակիրներ դատապարտեցին այս քայլը՝ նշելով, թե ատելության նման դրսևորումներն անընդունելի են: 

Ճիշտ արեցին: Ճիշտ արեցին նաև ոչ իշխանական թևերից դատապարտողները: Դա իսկապես անթույլատրելի է, խայտառակ գործելաոճ է:

Սակայն նույն իշխանությունները պետք է ընդունեն, որ անուղղակիորեն հենց իրենք են այդ անթույլատրելի արարքի հեղինակը, ավելի ճիշտ՝ հեղինակային իրավունքն իրենցն է, քանզի իրենք են դրա սերմերը ցանողները: 

Ու որքան էլ ցավալի է, սա «դեռ ձնծաղիկներն են», հասարակական մթնոլորտում կուտակված ողջ թշնամանքը պատեհ առիթի դեպքում ուղղվելու է իշխանությունների դեմ: 

Եթե ժամանակին Փաշինյանը կանխեր նման գործելակերպի կիրառումն իր քաղաքական մրցակիցների նկատմամբ, ապա այսօր նույն պրոցեսը իր հետ տեղի չէր ունենա: 

Թեպետ այս ամենը միայն մեկ կամ երկու տարվա հետևանք չէ: 

Շուրջ 20 տարի շարունակ նույն Նիկոլ Փաշինյանն ու լևոնտերպետրոսյանական «բտռ»-ական ողջ մասսան չարություն, հայհոյանք, թույն, մանիպուլյացիա էր շաղ տալիս՝ այդ ամենը արմատավորելով հասարակական գիտակցության մեջ: 

Նույնը շարունակվում է նաև հիմա:

Բայց դեռ ուշ չէ, ներկայիս իշխանավորները կարող են ներողություն խնդրել բոլորից, ում արժանապատվությունը նման գործելակերպով վիրավորել ու վիրավորում են, և դատապարտել ատելության տարածման յուրաքանչյուր այսպիսի երևույթ՝ անկախ նրանից՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ են, թե ընդդիմության: 

Այդ դեպքում միայն հնարավոր կլինի հաստատել եթե ոչ սիրո ու համերաշխության, ապա սկզբի համար գոնե հանդուրժողականության մթնոլորտ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: