Սերժ Սարգսյանին զրկել են Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից, Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից՝ դեռ ոչ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկությամբ և ավագանու միաձայն որոշմամբ հոկտեմբերի 8-ին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին։ Այս որոշումը ոգևորությամբ է ընդունվել հանրության կողմից։ Հասարակության ակտիվ հատվածը հիշում է, որ Մանարյանն այն եզակի մտավորականներից էր, որը չկանգնեց իշխանությունների կողքին, վախվորած և մորթապաշտ դիրքորոշում չցուցաբերեց 2008թ․ մարտի 1-ի ոճրագործությունից հետո, այլ հանդես եկավ քաղաքացիական հստակ դիրքորոշմամբ՝ մասնակցելով ընդդիմության հանրահավաքներին ու ի պաշտպանություն քաղբանտարկյալների կազմակերպվող տարբեր ակցիաների։

Այս կոչումը միաժամանակ առիթ է տալիս անդրադառնալու, թե անցած տասնամյակների ընթացքում ովքեր են արժանացել պատվավոր քաղաքացու կոչումների, ինչ արժեհամակարգ է գործել, ինչ սկզբունքներով են ընտրվել պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած անձինք։ Եվ ապագայում էլ նման կոչումներ շնորհելիս ինչ արժեհամակարգ և ինչ չափանիշներ պետք է գործեն։

Ժամանակին, օրինակ, Գյումրու պատվավոր քաղաքացու կոչման էին արժանացել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նրա եղբայր Լևոն Սարգսյանը, Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գորիկ Հակոբյանը։

Գյումրիի պաշտոնական կայքն ուսումնասիրելիս պարզեցինք, որ չկան Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Սարգսյանի անունները։

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն այս առթիվ մեզ տեղեկացրեց․ «Անցյալ տարի մենք ավագանու որոշման նախագիծ ներկայացրինք, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Սարգսյանին ձայների մեծամասնությամբ զրկեցինք Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից, իսկ Գորիկ Հակոբյանի դեպքում չստացվեց․ վեց կողմ, յոթ դեմ, ութ ձեռնպահ եղավ։ Գյումրեցի էր, ազգականները պայքարել էին ավագանու անդամների հետ»։

Էջմիածնի պատվավոր քաղաքացի էր գեներալ, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանը։ Նրան այդ կոչումից զրկեցին անցյալ տարի, երբ քրեական գործ հարուցվեց գեներալի դեմ, նրան կալանավորեցին։ Էջմիածին քաղաքի պաշտոնական կայքում պահպանվել է նրան կոչումից զրկելու ավագանու որոշումը։

«2018թ․ հուլիսի 24-ին, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, Էջմիածին քաղաքի ավագանու կանոնակարգի 21 կետի պահանջներով, հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի կողմից կատարված չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված բացահայտումների մասին տեղեկատվությունը, դրա շուրջ ստեղծված հանրային կարծիքը, Էջմիածին քաղաքի հանրության վերաբերմունքը Մանվել Գրիգորյանին և նրան վերագրվող ոչ պատվավոր արարքին, ինչպես նաև Էջմիածին քաղաքի հանրության պահանջը՝ Մանվել Գրիգորյանին 2006թ․ հուլիսի 8-ին շնորհված Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու վերաբերյալ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը՝ Էջմիածին համայնքի ավագանին որոշեց Մանվել Գրիգորյանին զրկել Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից»,- նշված է որոշման մեջ։

Հետաքրքրական է, որ 2010թ․, երբ արդեն երկրի ղեկավար էր, Սերժ Սարգսյանն արժանացել է նաև Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման։ Մինչ այժմ քաղաքի ավագանու մտքով չի անցել նրան ևս զրկել այդ կոչումից։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե կա՞ն Երևանի պատվավոր քաղաքացու կոչման արժանացածներ, որոնց պետք է զրկել այդ կոչումից։

«Երևանի ավագանու սահմանած կարգի համաձայն՝ Երևանի քաղաքացի կոչումը տրվում է անժամկետ և վերադարձման ենթակա չէ։ Վերադարձման նախադեպեր չեն եղել։ Ենթադրվում է, որ օրակարգային հարց լինելու դեպքում ավագանին կարող է նման կարգ սահմանել և նախատեսել կոչումից զրկելու պայմանները»,- արձագանքեց Հակոբ Կարապետյանը։

1in.am