Ինչպես է կաթն անդրադառնում մարդու սրտանոթային համակարգի վրա

Մարդիկ դեռ մանկուց պարբերաբար լսում են կաթի ու կաթնամթերքի օգտակարության մասին, սակայն գիտնականները պնդում են, որ կաթն օգտակար է միայն մինչև որոշակի տարիքին հասնելը, որից հետո կարող է առողջական խնդիրների պատճառ դառնալ:

Մասնագետների խոսքով՝ կան մարդիկ, որոնք պետք է խիստ սահմանափակեն կաթի գործածությունը, սակայն այս դեպքում խոսքը միայն հում յուղոտ կաթի մասին է, որի բարձր յուղայնությունը կարող է վնասակար լինել:

Կաթն ամրապնդում է իմունային համակարգն ու ոսկորները և հարստացնում է օրգանիզմը սպիտակուցներով, հանքանյութերով ու վիտամիններով, ինչի շնորհիվ շատ օգտակար է օրգանիզմի համար: Քանի դեռ օրգանիզմն առողջ է ու էներգիայով լի մթերքի յուղայնությունը որևէ նշանակություն չունի, սակայն թուլացած օրգանիզմի համար նման կաթը կարող է վտանգավոր լինել:

Հում յուղոտ կաթը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել լյարդի, աղեստամոքսային տրակտի ու ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրների դեպքում, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս փոխարինել այն անյուղ կամ ցածր յուղայնությամբ կաթով: Գիտնականները նշում են, որ մինչև 30 տարեկան ու բոլորովին առողջ մարդիկ կարող են խմել կաթ՝ հաշվի չառնելով դրա յուղայնությունը, սակայն 30 տարեկանից հետո խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ անյուղ կաթին:

Սա պայմանավորված է նրանով, որ յուղոտ կաթը բացասաբար է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա և կարող է դառնալ այնպիսի տհաճ խնդիրների զարգացման պատճառ, ինչպիսին է աթերոսկլերոզը:  Նույն այս պատճառով յուղոտ կաթն առհասարակ խորհուրդ չի տրվում օգտագործել 50 տարեկանից հետո, քանի որ այս դեպքում սրտանոթային հիվանդությունների զագացման հավանականությունը շատ ավելի բարձր է լինում: Այս տարիքում խորհուրդ է տրվում կիրառել 1-1,5% յուղայնությամբ մթերք, որը չի առաջացնի ավելորդ բարդություններ:

Միևնույն ժամանակ մասնագետներն ընդգծում են, որ նման խորհուրդներն արդիական են միայն նստակյաց ապրելակերպի դեպքում, մինչդեռ առողջ ու եռանդուն մարդու օրգանիզմի համար յուղոտ կաթը որևէ խնդիր չի առաջացնի:

Նյութի աղբյուրը՝ med2.ru