Ես դպրոց գնացել եմ 5 տարեկանից՝ սեփական նախաձեռնությամբ. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովին:

Իր խոսքում վարչապետը ցավով նշեց, որ կրթություն ասելով հիմա շատերը հասկանում են ժամանակահատվածը, որը սկսվում է ենթադրենք առաջին դասարանից և ավարտվում օրինակ համալսարանում. «Ինձ համար կրթությունը շարունակական պրոցես է: Այդ է պատճառը, որ մենք ցանկանում ենք կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ: Մարդու կրթությունը պետք է շարունակվի իր ողջ կյանքում: Մեզանից յուրաքանչյուրի կրթական, ինտելեկտի մակարդակն ամեն հաջորդ օր պետք է մի փոքր ավել լինի, քան՝ նախորդ օրը: Կրթություն ասելով միայն նկատի չունեմ ակադեմիական գիտելիքներ ձեռք բերելը: Կրթություն է նաև խոսելու, շփվելու ձևը: Դա վերաբերում է բոլորին՝ արհեստավորից արվեստագետ»:

Հարցին՝ եղել է արդյո՞ք իր դպրոցական կյանքում մի դեպք, որը կանխորոշել է իր ճանապարհը, վարչապետը նշեց, որ իր դպրոցի պատմությունը հենց այդպիսին է. «Ես դպրոց եմ գնացել սեփական նախաձեռնությամբ, ոչ թե վարչական որոշմամբ: Ես դպրոց հաճախել եմ 5 տարեկանում, ուսումնական տարվա ոչ սկզբին: Ամբողջ խնդիրն այն է, որ մայրս դպրոցում գործավար էր աշխատում, մեր տանը հայտնվել էր մի այբբենարան, որը ես ուսումնասիրում էի: Ինչ-որ պահի ես պահանջեցի, որ մայրիկն ինձ դպրոց տանի: Մի քանի օրվա պահանջից հետո մայրս ի վերջո ինձ դպրոց տարավ, որ ես տանը հանգիստ թողնեմ ընտանիքի անդամներին: Դա թերևս կանխորոշիչ դարձավ»:

Փաշինյանի խոսքերով, կրթության կարևորագույն բաղադրիչներից է ինքնակրթությունը. «Մենք դպրոցում դասեր ենք տալիս, ուսուցիչներ կան, որոնք տանում են կրթական պրոցեսը: Սակայն եթե մարդը չի ցանկանում դա սովորել, բռնությամբ չես կարող դա անել: Հետևաբար կրթական համակարգի ամենամեծ դերը մարդուն քաջալերելն է դեպի ինքնակրթություն: Ամենահաջողված աշակերտները նրանք ենք, ովքեր պրոցեսն ընկալում են ոչ թե որպես վարչական ռեսուրս, այլ իրենք են փորձում հագեցնել իրենց ծարավը: Ես այն ժամանակներից սկսած կարևորում եմ ինքնակրթությունը»:

Analitik.am