«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով տնտեսական աճին, որը, ըստ վարչապետի, 2019 թվականին կարող է 7 տոկոս լինել, նախ կարևորեց այդ աճի ներառական լինելը: «Ներառականությունը գործիքակազմի կիրառման արդյունքում պետք է ձևավորել, և եթե այդ 7 տոկոս աճը արձանագրելու ենք, մենք վերաբաշխման արդար մեխանիզմներ պետք է գտնենք»,- ասաց նա:
Նա նշեց, որ պետք է կարողանանք բաշխումն այնպես կազմակերպել, որ այդ 7 տոկոսի մեծ մասը հասանելի լինի սոցիալապես անապահով խմբերին: «Պետք է կարողանանք բաշխումն այնպես կազմակերպել, որ, օրինակ, մեծ տոկոս ազդի սոցիալապես անապահով խմբի վրա, իսկ հետո նոր՝ միջին խավի վրա: Բայց մեզ մոտ միշտ այնպես է եղել, որ այդ ամբողջ յոթ տոկոսը վերաբերել է վերևի խավին»,- ասաց նա:
Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այս իշխանության կողմից էլ գործիքակազմը տեսանելի չէ, որով կարող են վերաբաշխման արդյունքում այդ աճը իջեցնել հատկապես անապահով խավերին: «Առաջիկայում ես պահանջելու եմ այդ գործիքակազմը ներկայացնել հանրությանը, թե ինչպես ենք այդ յոթ տոկոսը հասցնելու աղքատներին: Եթե նոր գործիքակազմը չունենանք, մնալու է նախկին բաշխման մեխանիզմը, որով հարուստներն ավելի էին հարստանում, աղքատները՝ ավելի աղքատանում»,- ասաց նա և նշեց, որ պետք է հասցեական լինել:
Ըստ պատգամավորի` վերջին մեկուկես տարվա ընթացքում նյութական իմաստով առանձնապես փոփոխություն չի եղել մարդկանց կենցաղում: «Եթե մարդիկ նախկինում զարգացումների հույս չունեին, հիմա այդ հույսերը կան, և կարող են հուսախաբ լինել: Այսինքն` եթե 1,5 տարի անցել է իշխանափոխությունից, ապա պետք է 1,5 տարվան համարժեք գործ արվեր: Մեզ չի ներկայացվել տարեկան ծրագիր, որ հետևենք, թե ինչ են արել, ինչը` ոչ:
Գուցե դրանով գործող իշխանությունը ապահովագրել է իր ռիսկերը, բայց մենք այդ ծրագիրը պետք է ունենանք և հետևենք, սա շատ կարևոր է ընդդիմության համար: Մենք ժամանակի առումով այս պահին անորոշություն ունենք»,- ասաց նա: