ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ 20 տարի առաջ եղած խնդիրներն այսօր արդի են, ու այսօր ագրեսիվ գործողությունների հեղինակները, այսինքն՝ իշխանությունները, չեն թաքցնում իրենց ապօրինությունների մասին:
Փոստանջյանը վստահ է, որ այսօր ազատ խոսքը սահմանափակվում է ու չի թույլատրվում իշխանությունների կողմից: Դրա վառ օրինակը «Հայելու առաջ» հաղորդումը փակելն է: Փաստանջյանը վստահ է, որ դա տեղի է ունեցել քաղաքական նկատառումներով:
Փաստանջյանը հիշեց իր մանկությունը, երբ 1930-ականներին՝ ստալինյան ժամանակներում, աքսորել էին իր տատիկին: Վստահ է, որ այսօր մարդիկ իրենց քաղաքական նպատակները հանրությանը մատուցում են՝ որպես անհրաժեշտ միջոց հեղափոխության շարունակության համար:
«Անկախ նրանից, թե նախկինում ինչ է եղել, մենք այսօր իրավունք չունենք դա շարունակել»,- ասաց Փոստանջյանը:
«Իրավապահներն ավելի բռնապետական են, քան դատարանները, և իշխանությունն օգտվում է այդ բռնապետությունից»,- վստահ է Փոստանջյանը:
Նա կարծում է, որ գործող իշխանությունը գործում է հաշվեհարդարի միջոցով, և ըստ նրա՝ տարիներ անց գուցե չկարողանան այսօրվա իշխողների կյանքը փրկել: Ու սա, ինչպես նշեց Զ. Փոստանջյանը՝ բոլշևիկյան պրակտիկայի կիրառությունն է թավշյա հեղափոխության անվան տակ:
Փաստաբանը վստահ է, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին «քայլած մարդկանց» գործողությունները, եթե անգամ եթե դրանք խուլիգանական են, չի կարելի արդարացնել միայն նրա համար, որ նրանք 10 օր քայլել են Գյումրիից Երևան:
«Պետք է լինեն դատավարություններ, մարդիկ պետք է պատասխան տան արածների համար, եթե արել են, բայց դատավարությունը չի կարող տեղի ունենալ անօրինական ճանապարհով, ընտրովի: Չի կարելի թիրախավորել անձանց»,- նկատեց Փոստանջյանը:
Նա վստահ է, որ այս իշխանության մեկ ու կես տարվա ապօրինի գործունեության համար պատասխան է տալու միայն քաղաքացին, ու այդ խախտումների գումարային փոխհատուցումները Եվրոպական դատարանը ստանալու է պետությունից, քաղաքացու գրպանից: