«Դրանք շատ ծիծաղելի քննադատություններ են». Տաթևիկ Ռևազյանը՝ իր գործուղումների մասին

Վերջերս «Ժողովուրդ» օրաթերթը հոդված էր հրապարակել, որի համաձայն՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն առաջին տեղում է գործուղման մեկնող պաշտոնյաների շարքում:

Օրինակ` նա այս տարվա փետրվարի 12-16-ը եղել է Բելգիայում` Բրյուսելում, ապա՝ Իռլանդիայում: Մարտի 31-ից ապրիլի 5-ը գործուղվել է Հնդկաստան, ապրիլի 6-12-ը` Սինգապուր, հունիսի 10-17-ը` Մեծ Բրիտանիա, Բելգիա, Ռումինիա, հուլիսի 17-19-ը` ՌԴ:

Ռևազյանի գործուղումների շարքն այսպես կարելի է անդադար շարունակել: Այս գործուղումների մասին կոմիտեի պաշտոնական կայքէջում գրեթե ոչինչ նշված չէ:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս խոսակցություններին, որ այդ մեծաքանակ գործուղումների արդյունքները չեն երևում՝ Ռևազյանը նշեց.

«Ինձ թվում է, որ Ryanair-ի մուտքով երևում է այդ գործուղումների արդյունքը: Կարող եք նստել և հաշվարկ անել, թե ինչ ազդեցություն կունենա իրենց մուտքը հայկական շուկայում, և հետո հաշվեք, թե ինչքան փող է ծախսվել իմ գործուղումների վրա: Դրանք շատ ծիծաղելի քննադատություններ են: Սա դեռ մի արդյունքն է, ընթացքում շատ այլ արդյունքներ կան, որոնք աստիճանաբար կերևան»:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման խնդիրներին, Ռևազյանը շեշտեց, որ նոր ուղղություններ են զարգացնելու, իսկ որպես կոմիտե՝ կարևոր գործառույթը թռիչքային ընդհանուր անվտանգության ապահովման մակարդակի բարձրացումն է: «Այդ ուղղությունով էլ ենք շատ աշխատանք տանում, բայց կոնկրետ չեմ կարող ասել՝ ինչ աշխատանք»:

Մարիամ Պետրոսյան