Ոստիկանի սպանությունը ցնցել է մարդկանց, կամ Հայաստանի ոստիկանությանը պետք է «դուխ» տալ

Իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է իշխանությունների «դոբրոն» ստանան հանցագործների նկատմամբ ավելի խիստ գործողություններ իրականացնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նախկին բարձրաստիճան ոստիկանը, որը չցանկացավ հրապարակել իր անունը։

Հոկտեմբերի 15-ի, լույս 16-ի գիշերը, ժամը 3.40-ին ոստիկանները Ազատության պողոտայում նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան` փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են և Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բռնել նրանց։ Երիտասարդները դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակը, հարվածել ոստիկանի գլխին, այնուհետև կրակել մյուս ոստիկանի վրա։ Հետո նրանք փախել են։ Ոստիկաններից մեկը մահացել է, մյուսը` տեղափոխվել հիվանդանոց։

Նախկին ոստիկանի խոսքով` Հայաստանում անհնար էր պատկերացնել, որ «ինչ-որ անչափահաս ստահակ կարող էր նման դաժան սպանության գնալ»։ Եթե դա տեղի ունենար արտասահմանում, նրան անմիջապես կգնդակահարեին։

«Ես պարզապես ցնցված եմ… Վերջին 20 տարվա ընթացքում նման բան չեմ հիշում»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա համար անհասկանալի է` ինչպես է երիտասարդներից մեկը կարողացել խլել ատրճանակը ոստիկանի մոտից, բայց նաև չբացառեց, որ ոստիկանները վախեցել են զենք գործադրել` հետագայում խնդիրներից խուսափելու համար։

«Պարզ լեզվով կասեմ` պետք է ոգևորել իրենց, դուխ տալ։ Ոստիկանությունն այսօր երևի վախենում է ծայրահեղ միջոցների դիմել։ Քանի որ ոստիկանի վրա աննշան բողոքի դեպքում ստուգումներ են սկսում դատախազությունը, հատուկ քննչական ծառայությունը… ոստիկաններն իրենց անպաշտպան են զգում»,- նշեց նախկին ոստիկանը։

Ոստիկանության աշխատակիցներից շատերը ծառայության են դուրս գալիս առանց զենքի, նրանք միայն մահակներ ունեն։ Եթե նման բան այլ երկրում տեղի ունենար, ոստիկանները կարող էին կրակ բացել փախչող հանցագործների ուղղությամբ։ Բայց ոչ Հայաստանում։

Ոստիկանության նախկին աշխատակցի կարծիքով` իրավապահ մարմինները պետք է գործեն ավելի խիստ։

«Շատերը ժողովրդավարությունը շփոթում են ամենաթողության հետ»,- նշեց նա։

Մեր զրուցակցի խոսքով` պետք է շատ խիստ արձագանքել նաև ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում։ Բացի այդ, գիշերային հերթապահություն պետք է իրականացնեն ոչ թե 2, այլ 4-5 անձինք` միմյանց ապահովագրելու համար։

Հայաստանի ղեկավարությունը, ըստ նրա, պետք է մտածի ոստիկանության աշխատակիցների իրավունքների և պաշտպանվածության մասին։

armeniasputnik.am