Գործիքը, որ կիրառում ես, պետք է ունենա կա՛մ սոցիալական բաղադրիչ, կա՛մ տնտեսական: Այդ երկուսը իրար հակասում են: Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով բնակարանաշինությանը:
«Կարծես թե մենք հստակ քայլերով գնում ենք այն ուղղությամբ, ինչ 2002-2008 թվականներին: Մեզ մոտ առաջնորդվողը ոչ արտահանելի հատվածն է: Սրան իրականում պետք է ուշադրություն դարձնենք: Պետք է գնալ ոչ պոպուլյար քայլերի, այսինքն` այն ծրագրերը, որոնք էապես նպաստում են բնակարանային շինարարությանը, պետք է վերաիմաստավորվեն:
Այսօրվա իրավիճակում մեզ մոտ բում է տեղի ունենում: Իհարկե, մակրոտնտեսական ցուցանիշները դեռ չեն հասցրել դա իրենց մեջ ընդգրկել, նկատի ունեմ կապիտալ շինարարությունը և հատկապես բնակարանային շինարարությունը, բայց եթե դուք նայեք ձեր շրջապատում, Կենտրոնում գրեթե բնակարաններ չեն մնացել, որոնք կառուցապատողները վաճառում են: Դա այդպես է, որովհետև մենք այսօր ունենք մեկ գործիք՝ եկամտային հարկի հետվերադարձի գործիքը, որը խթանում է բնակարանաշինությունը»,- ասաց նա:
Արամյանի խոսքով՝ եթե կառավարությունը վերաիմաստավորի բնակարանաշինությունը, հնարավոր է՝ հասարակության մոտ դժգոհություն առաջանա, բայց դա իր գնահատմամբ՝ ճիշտ քայլ է: Նա առաջարկեց դրան տալ սոցիալական բնույթ:
«Գործիքը, որ կիրառում ես, պետք է ունենա կա՛մ սոցիալական բաղադրիչ, կա՛մ տնտեսական: Այդ երկուսը իրար հակասում են: Այս իմաստով 2016-ին, երբ ներդրվեց այս գործիքը, հիմնական նպատակն էր, որ այն լինի տնտեսական, կապիտալ շինարարությունը փորձենք վերակենդանացնել, և որոշակի ժամանակ հետո կառավարությունը պետք է դուրս գար այդ ծրագրից: Ամենասկզբում ներդրվել է այդ գործիքը, եկամտային հարկի վերադարձը 600-700 մլն դրամ է կազմել: Այսօր այդ թիվը գրեթե տասնապատկվել է և մոտենում է 8 մլրդ դրամի: Պետք է հաշվի առնենք, որ ևս 10 տարի պետք է ապրենք դրա հետ: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ այս տեմպերով հաջորդ տարի բյուջեյում կտեսնենք 15-16 մլրդ դրամ»,- նշեց Արամյանը:
Արամյանը հավելեց, որ 55 մլն դրամի շեմը, որ դրված է այդ գործիքի հիմքում, շատ բարձր է. եթե դրան տալիս են սոցիալական բաղադրիչ, ապա այն պետք է համադրելի լինի «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրին, այսինքն`շեմը պետք է նվազի, իսկ եթե տալիս են տնտեսական բաղադրիչ, ապա խթանում են ոչ արտահանելի հատվածը:
«Կառավարության այս քաղաքականության արդյունքում սկսել են ակտիվանալ կառուցապատողների առաջարկները: Դա լավ է, բայց եթե դա իրականում արվում է կառավարության ծրագրի գործիքակազմով, դա վտանգավոր է: Ես առաջարկում եմ, որ մենք թիրախավորենք խիստ կարիքավորներին»,- ամփոփեց նա: