Արդյոք Նիկոլ Փաշինյանն արձագանքելո՞ւ է «Հայելի» ակումբում տեղի ունեցած միջադեպին. Պատասխանում է Վլադիմիր Կարապետյանը

Հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներ արձագանքեցին «Հայելի» մամուլի ակումբի դեմ կատարված ոտնձգությանը՝ այն անվանելով ոտնձգություն մամուլի և ժողովրդավարության դեմ:

Շատերն անդրադարձան նաև վարչապետի լռությանը՝ նկատելով, որ նա որպես նախկին լրագրող՝ որևէ կերպ պետք է արձագանքեր կատարվածին:

168.amը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն արձագանքելո՞ւ է միջադեպին:

Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Արձագանքել է այն առումով, որ իրավապահ կառույցներն անմիջապես գործողություններ են ձեռնարկել, դատախազությունը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ոստիկանությունն էլ նյութեր է նախապատրաստում: Այսինքն՝ դա պետական կառույցների արձագանքն է»:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը 4 երիտասարդ ձվեր են նետել «Հայելի» մամուլի ակումբի դռների, պատերի վրա ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է՝ որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Ակցիայի պատճառը, նրանց խոսքով՝ Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։