Արայիկ Հարությունյանը խնդիրներ ունի իր ենթակայության տակ գտնվող ոլորտների աշխատակիցների հետ

«2019թ-ի սեպտեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի  անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 149 հոդված, որոնցից 56-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 92-ը՝ չեզոք։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է խնդիրներ ունենալ իր ենթակայության տակ գտնվող ոլորտների աշխատակիցների հետ։

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն անդրադարձել է նախարարի իրեն ուղղված քննադատություններին և խնդրել է Արայիկ Հարությունյանին փաստեր ներկայացնել, թե ինչո՞վ է ինքը նախկին ռեժիմի ներկայացուցիչ։ Նա նաև հավելել է. «Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին իր անմիջական հրահանգով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է մի մարդ, որը ՀՀԿ ցուցակով առաջադրվել է 2017 թվականին, եղել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը, իսկ նախարարի ընկերը՝ ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, մասնակցել է ՀՀԿ մի քանի քարոզարշավների»։

Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն, անդրադառնալով կրթական ոլորտին, ասել է, որ հայտարարությունների մակարդակով բարեփոխումների փուլում ենք, բայց երբ անցնում ենք արդեն գործնական դաշտ, տեսնում ենք, որ ոչինչ չի փոխվել։ Ըստ գրականագետի՝ նախկինում խոսվում էր, որ ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոններ չեն բաժանվելու, բայց ըստ նրա՝ պրոռեկտոր է նշանակվում մարդ, որին բոլորը գիտեն որպես, պարզապես, Արայիկ Հարությունյանի ընկեր։

Լևոն Շարաֆյանն անդրադառնալով Արայիկ Հարությունյանին որպես մշակույթի ոլորտի նախարարի, ասել է. «Արաբագետ է, շատ լավ է, թող զբաղվի արաբագիտությամբ, ի՞նչ կապ ունի նա մշակույթի հետ: Կարող է՝ շատ լավ տղա է Արայիկ Հարությունյանը, կարող է հետը հանդիպեմ՝ ընկերություն անենք, բայց դու ի՞նչ կապ ունես մշակույթի հետ, այ ընկեր, ե՞րբ ես վերջին անգամ գնացել՝ մի համերգ նայել, մի ներկայացում նայել, որ գոնե քո խոսքն ասես»:

Կրթության ազգային ինստիտուտի կոլեկտիվը սեպտեմբերի 25-ին բողոքի ակցիա է անցկացրել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի առջև։ Ըստ Կրթության ազգային ինստիտուտի մանկավարժական հետազոտությունների բաժնի մասնագետ Վարսենիկ Հովսեփյանի՝ իրենց վստահեցրել են, որ կառույցը սկսելու է աշխատել սեպտեմբերից։ Նրա խոսքով՝ Արայիկ Հարությունյանը ժամանակ ուներ մասնագետներին ներգրավելու քննարկման գործընթացին և հասկանալու, թե ով է լավագույնը, բայց դա չի արվել։

Որպես դրական հոդված դիտարկվել է ԿԳՆ նախկին փոխնախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքը, որը պաշտպանել է Արայիկ Հարությունյանին՝ պրոռեկտորի նշանակման հարցում։ Նա հավելել է, որ ինքն ու Արայիկ Հարությունյանը 15 տարվա ընկերներ են»։

«Մեդիա պաշտպան»