Պետական սեփականության գույքը շուկայական արժեքից պակաս գնով է վաճառվել. պետությանը պատճառվել է 58 մլն դրամի վնաս. դատախազություն

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց օրենքով սահմանված գնումների ընթացակարգերի, առանց պայմանագիր կնքելու, 2017թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։

Նշված առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն 16.02.2017թ. իրականացրել է ք. Երևան, Շենգավիթ համայնք, Բագրատունյաց փողոց 2-րդ նրբանցք թիվ 23 հասցեում գտնվող 1253.5 քմ մակերեսով հասարակական նշանակության շինության և 796.6 քմ. մակերեսով հողամասի գնահատում, ինչի արդյունքում նշված անշարժ գույքը գնահատվել է 39.2մլն ՀՀ դրամ:

Նշված գնահատման հիման վրա ՀՀ կառավարության 14.09.2017թ. թիվ 1126-Ա որոշմամբ վերը նշված գույքը ուղղակի վաճառքով 22.4մլն ՀՀ դրամով օտարվել է:

Հետագայում, 2019թ. ընթացքում, կատարվել է վերը նշված անշարժ գույքի 2017թ. դրությամբ շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2017թ. կարող էր կազմել ոչ թե 39.22մլն ՀՀ դրամ, այլ՝ 80մլն ՀՀ դրամ կամ շուրջ 2 անգամ ավել սկզբնական գնահատված արժեքից:

Պարզվել է, որ ՍՊԸ-ի կողմից նշված հասարակական նշանակության անշարժ գույքի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները: Մասնավորապես՝ գույքը գնահատվել է առանց շինության ներսում տեղազննություն իրականացնելու, և չի հիմնավորվել հողամասի շուկայական արժեքի գնահատման համար ընտրված եղանակը: Արդյունքում 80մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը գնահատվել է 39.2մլն դրամ:  Այնուհետև դրա հիման վրա ՍՊԸ մասնագետի կողմից կազմվել և տնօրենի կողմից հաստատվել է կեղծ եզրակացություն, որի հիման վրա գույքն օտարվել է իրական շուկայական արժեքից մոտ երեք անգամ պակաս գնով՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ շուրջ 58 մլն ՀՀ դրամի վնաս:

Ուսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Tert.am