Ինչ խնդիրների մասին է հուշում հեմոգլոբինի ցածր մակարդակը և ինչպես կարելի է կարգավորել այն

«Ամենակարևորի մասին» հաղորդաշարի («О самом главном») համահաղորդավար Տատյանա Շապովալենկոն ներկայացրել է, թե առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակը: Բժշկի խոսքով՝ այս խնդիրը կարող է պայմանավորված լինել երկաթդեֆիցիտային անեմիայով, որն օրգանիզմի համար բավական վտանգավոր խանգարում է:

Արյան մեջ հեմոգլոբինի մակարդակն օրգանիզմի կենսագործունեության շատ կարևոր ցուցանիշ է: Հեմոգլոբինն արյան պիգմենտ է, որն ապահովում է թթվածնի մատակարարումն օրգանիզմի տարբեր հյուսվածքներին: Հեմոգլոբինի մակարդակն ուղղակիորեն կախված է տարբեր գործոններից, այդ թվում՝ սեռից, տարիքից, կյանքի պայմաններից, սննդակարգից ու առողջական վիճակից: Կանանց դեպքում հեմոգլոբինի մակարդակը նորմայի սահմաններում է համարվում 120/140 գ/լ-ը, իսկ տղամարդկանց դեպքում՝ 135/160 գ/լ-ը:

Բժիշկ Տատյանա Շապովալենկոյի խոսքով՝ «արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակը երկաթպակասորդային սակավարյունության (անեմիա) մասին հուշող ակնհայտ ախտանշան է», իսկ սակավարյունությունը բավական լուրջ հիվանդություն է, որը թուլացնում է օրգանիզմի պաշտպանական գործառույթները: Սա է պատճառը, որ հեմոգլոբինի ցածր մակարդակն ուղեկցվում է նաև մրսածությամբ ու այլ վարակներով, հոգնածությամբ ու հաճախակի գլխացավերով, գունատությամբ, մաշկի չորությամբ ու թեփոտվածությամբ, եղունգների փխրունությամբ, մազերի անկենդան տեսքով, սրտի զարկերի արագացմամբ, ինչպես նաև զարկերակային ճնշման անկմամբ, որը կարող է հանգեցնել անգամ գիտակցության կորստի:

Այս կարևոր ցուցանիշի կարգավորման համար մասնագետը խորհուրդ է տվել առաջին հերթին հարստացնել սննդակարգը B6 և B12 վիտամիններ, երկաթ ու ֆոլաթթու պարունակող մթերքով: Այս դեպքում շատ օգտակար կարող են լինել հնդկաձավարը, անյուղ տավարի միսը, նռան հյութը, ճակնդեղը, ոլոռը, եգիպտացորենն ու ընկուզեղենը:

Բացի այդ, հարկ է հիշել, որ հեմոգլոբինի ցածր մակարդակը պայմանավորված է լինում ամենատարբեր պատճառներով, ուստի խնդրից ազատվելու համար հարկավոր է նախ պարզել դրա զարգացման պատճառը: «Անհրաժեշտ է դիմել թերապևտին, որը հետազոտության միջոցով կպարզի խնդրի պատճառն ու կգտնի դրա մակարդակի կարգավորման միջոցը», – ընդգծել է մասնագետը:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru