Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի պնդմամբ, միլիարդատեր Ջորջ Սորոսը փորձել է միջամտել երկրում կայացած ՏԻՄ ընտրություններին և զավթել իշխանությունը, սակայն երկրի ղեկավարությանը հաջողվել է խուսափել դավադրությունից և կանխել Ալբանիայում ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը:
Նախագահն այս մասին խոսել է այն բանից հետո, երբ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը հրաժարվել է մասնակցել ընտրություններին: Մետան, վերոնշյալով պայմանավորված, մտադրություն է ունեցել հետաձգել ընտրությունները՝ նշելով, որ առանց հիմնական ընդդիմադիր ուժի մասնակցության, ընտրությունները ժողովրդավար չեն լինի:
Մետան անկեղծացել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իրեն խորհուրդ է տվել զգուշանալ Սորոսից, քանի որ վերջինս այդքան էլ ժողովրդավար չէ և հաճախ դավադրություններ է կազմակերպում հենց ժողովրդավարության դեմ, սակայն ինքը լուրջ չի վերաբերվել այդ զգուշացումներին, իսկ հիմա ստիպված է հայտարարել, որ միլիարդատերը դավադրություն էր կազմակերպել իր երկրում իշխանությունն ամբողջովին զավթելու համար:
Daily Mail-ը հիշեցնում է, որ անցած տարի Հունգարիայում օրինագիծ է ընդունվել, որի նպատակն է արգելել երկրում Սորոսի «Բաց հասարակություն հիմնադրամներ» կազմակերպության գործունեությունը: Այն կրում է «Կանգնեցնել Սորոսին» անվանումը: