«Մարդիկ հաճախ խուսափում են իրենց կարծիքն արտահայտել, որովհետև վախենում են թիրախավորվելուց»

RA Human Rights Defender Arman Tatoyan announced an extraordinary report at Imperium Plaza Hotel

Մարդու իրսվունքների պաշտպան Արման Թաթոյանը պատասխանել է «168 ժամի» հարցերին:

– ՀՀում առկա է անհանդուրժողականության մթնոլորտ, որն օրեցօր սրվում է թե սոցիալական ցանցերում, թե դրանից դուրս: Թիրախում և՛ դատական համակարգն է, դատավորները, և՛ անհատ գործիչներ, և՛ լրատվամիջոցներ: Սա գուցե անպատժելիության մթնոլորտի հետևա՞նք է, ինչպե՞ս  սա կանխել:

– Առհասարակ, անհանդուրժողականություն կա, արժանապատվությունը վիրավորող խոսք կա, ատելության խոսք կա, և սա վտանգավոր չափերի է հասել: Եվ սրանք նաև վտանգավոր են, որովհետև կարող են հանգեցնել բռնության: Անհանդուրժողականության մակարդակը բավականին բարձր է: Ես ուզում եմ հատուկ նշել, որ դրա՝ վիրավորանքի, արժանապատվությունը վիրավորելու, ատելության խոսքի մակարդակը բարձր է հատկապես սոցիալական ցանցերում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ այդտեղ առավել ագրեսիվ են:

Մի խնդրահարույց երևույթ էլ կա. կեղծ օգտատերերի միջոցով ավելի մեծ տարածում է գտնում վիրավորական խոսքը և ատելությունը: Սա չի նպաստում  հասարակության մեջ համերաշխության մթնոլորտի, ընդհանուր փոխադարձ հարգանքի ձևավորմանը, ավելին՝ վտանգում է այլակարծությունը: Մարդիկ հաճախ խուսափում են իրենց կարծիքն արտահայտել, որովհետև վախենում են թիրախավորվելուց:

Մեր դիտարկումը ցույց է տալիս, որ սա դժվարացնում է լրագրողի աշխատանքը, եղել են դեպքեր, երբ լրագրողը նույնացվել է այն մարդու հետ, ումից հարցազրույց է վերցրել:

Այսինքն՝ հաճախ նաև լրագրողն է թիրախավորվում, դառնում այդ ատելության խոսքի թիրախը: Բոլոր առումներով ես սա համարում եմ անթույլատրելի երևույթ, և սրա կանխարգելման, սրա դեմ պայքարի եղանակները պետք է արդյունավետ լինեն բոլոր կողմերից:

Իրենց հերթին հանրային գործիչները պիտի այնպիսի ձևակերպումներ թույլ տան, որ այն նպաստի հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը: Ես իմ օրինակով եմ դա փորձում ցույց տալ՝ օգտագործելով այնպիսի բառապաշար, արտահայտություններ, ձևակերպումներ, որոնք հարգանքի մթնոլորտ են ձևավորում:

Կա մեկ այլ խնդիր ևս. շատ մտահոգիչ է, որ թիրախավորվում է մարդու անձնական, մասնավոր, ընտանեկան կյանքը: Սա նույնպես պետք է կանխարգելել: Ես դրա հետ կապված հայտարարություն էի տարածել, մենք աշխատում ենք նաև մեր գործընկերների՝ մի շարք պատգամավորների հետ, ունենք պայմանավորվածություններ համատեղ քայլել մշակելու համար: Ես կարևորում եմ, որ խորհրդարանը նույնպես միանա: Առաջիկայում քննարկումներ կունենանք՝ մտածելու համապարփակ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:

– Խոսքը օրենսդրական նախագծի մասի՞ն է, համատեղ միջոց ասվածն այդ տեսքո՞վ է լինելու:

– Այս պահին օրենսդրականի մասին չեմ կարող ասել, բայց շատ կարևոր է, որ անընդհատ մեր քաղաքացիներին այդ հորդորները լինեն, որպեսզի լինի փոխադարձ հարգանք, այլակարծություն: Մենք նաև լրատվամիջոցների հետ ենք աշխատում և մեր գործընկերներին միշտ խնդրում ենք, որ սոցիալական ցանցերից հեռացնեն ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դա լրատվամիջոցի պարտականությունն է, քանի որ այն  ևս նպաստում է ատելության խոսքի ձևավորմանը և լարված մթնոլորտ ունենալուն:

-Չե՞ք կարծում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկության դեպքում մեկ խոսքով, մի հորդորով կարող է ինչ-որ չափով ազդել առկա անհանդուրժողականության մթնոլորտի վրա, կանգնեցնել այն: Թե՞ այլևս հնարավոր չէ: Ի դեպ, որքանո՞վ է ճիշտ բոլոր ոլորտների և դեպքերի վրա տարածել «ժողովրդի իշխանություն» ասվածը, արդյո՞ք սա չի չարաշահվում, շահարկվում, ոմանք սա չափազանց սխալ ձևակերպում են համարում:

– ՀՀ սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն այդ իշխանությունն իրականացնում է ընտրովի և տարբեր մարմինների միջոցով: Իշխանության բարձրագույն աղբյուրը ժողովուրդն է: Բայց խնդիրն այն է, որ պետական մարմինները պետք է ունենան իրենց դերը, պատասխանատվությունը՝ ամեն մեկն իր ոլորտում, այդ թվում՝ հանդուրժողականության մթնոլորտի  ձևավորման հարցում:

– Անցումային արդարադատության վերաբերյալ ի՞նչ կասեք, արդյո՞ք ճիշտ ճանապարհի վրա ենք, ճիշտ երկրների օրինակով ենք ուզում գնալ: Կամ՝ չե՞նք բախվի քաղաքական վրեժխնդրության վեթինգի կամ բարեվարքության կիրառման դեպքում դատավորների նկատմամբ:

– Կառավարությունը մշակել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն, որտեղ  նաև անցումային արդարադատությանը վերաբերող կարգավորումներ և հարցեր են:

Ասեմ, որ այդ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը մեր կողմից մանրամասն ուսումնասիրվել է, կառավարությանը ներկայացվել են առաջարկներ: Եվ այս շաբաթ արդեն պետք է արդարադատության նախարարության հետ աշխատենք, որ դրանք էլ ավելի կորպորացնենք:

Անցումային արդարադատության առումով կարևոր խնդիրներից մեկն  այն է, որ պետք է ճիշտ ակնկալիքներ ձևավորվեն, թե ինչ հարցերի շրջանակի է այն առնչվելու, և հստակ լինեն այն ուղղությունները, որոնք կապված են  խնդիրների վերհանմանը կամ իրավունքների պաշտպանությանը:

Անցումային արդարադատությունը ենթադրում է նաև օրենսդրական այլ ակտերի փոփոխություններ, ենթադրենք՝ քննում ենք 10 տարի առաջ տեղի ունեցած դեպք, որով մարդիկ են դատապարտվել կամ չեն դատապարտվել, և մենք հայտնաբերում ենք իրավունքի խախտումներ: Պետք է տանք դրանց լուծումները, օրինակ՝ գտնում ենք, որ ապօրինի դատապարտված մարդ կա, կամ կա չդատապարտված, որը պիտի դատապարտվի:

Մեր օրենսդրական ակտերը տալիս են օրենսդրական փոփոխություն անելու հնարավորություն: Այս հարցերը քննարկման փուլում են, աշխատում ենք արդարադատության նախարարության գործընկերների հետ: Ինչ վերաբերում է դատավորների բարեվարքությանը, վարքագծի կանոններին, դատական համակարգի անկախության բարձրացմանը, ապա այդ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ այս հարցերը ևս կան, սրանք նաև հակակոռուպցիոն ռազմավարության մեջ  կան:

Այս համատեքստում ցանկանում եմ  նշել, որ դատաիրավական փաթեթներից մեկով  նախատեսված է, որ կարգապահական հանձնաժողովի մեջ ներառվելու է նաև Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը, և հանձնաժողովն իրավունք է ունենալու կարգապահական վարույթի հարց բարձրացնել:

– Տարբեր իշխանությունների օրոք, քաղաքական տարբեր ժամանակահատվածներում Մարդու իրսավունքների պաշտպանն է թիրախավորվել՝ կա՛մ իշխանության կողմից, կա՛մ ընդդիմության: Այսինքն՝ եղել են զեկույցներ, որոնք կամ իշխանության սրտով չեն եղել, կամ՝ ընդդիմության: Իհարկե, եղել են դեպքեր, երբ դժգոհ են մնացել երկու կողմերն էլ, սա, թերևս, լավ ցուցանիշ է: Ի՞նչ պիտի անի Պաշտպանը, որ ոչ մի կողմինը չհամարվի: 

– Մարդու իրավունքների պաշտպանն ապաքաղաքական պաշտոնատար անձ է, անաչառ: Եվ նա պետք է բոլոր հարցերին մոտենա օբյեկտիվորեն՝ անկախ իրավիճակից, ժամանակաշրջանից: Եթե կա խնդիր, դրան պետք է արձագանքի նույն կերպ, ինչպես, օրինակ, մեկ տարի, երկու տարի, հինգ տարի առաջ էր, չպետք է որևէ տարբերություն լինի:

Մարդու իրավունքների պաշտպանից կարող են դժգոհող կողմեր լինել, բայց եթե Պաշտպանը դրան նայեց, նշանակում է՝ ամբողջ աշխատանքը կարող է ձախողվել: Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում նրա համար, որ մեկին դուր գա, կամ՝ չգա: Նա կատարում է իր իրավապաշտպան աշխատանքը: Եվ որևէ կապ չունի, թե ո՞ր ոլորտում է խախտվում իրավունքը, պետք է հստակ արձանագրել և հստակ դիրքորոշում ձևավորել դրա վերաբերյալ: