«Կառավարությունը ներկայացրել է 2020 թ. պետական բյուջեի նախագիծը: Այն հաջորդ տարվա թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթն է, որն արտացոլում է կառավարության տնտեսական ու ֆինանսական սպասումները:
Այդ փաստաթուղթը հասարակ քաղաքացուն սովորաբար հետաքրքրում է այնքանով, թե կառավարությունը որքանով է պատրաստվում բարելավել իր սոցիալական վիճակը: Հատկապես իշխանափոխությունից հետո, որը խոստանում էր կտրուկ բարելավել մարդկանց կյանքի պայմանները:
Ի սկզբանե ասենք, որ այս անգամ ևս ստիպված ենք հիասթափեցնել՝ 2020 թ. բյուջեն հասարակությանը ոգևորվելու շատ առիթներ չի տալիս: Այն հեղափոխական փոփոխություններ չի նախատեսում ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ հասարակության սոցիալական կյանքում:
Դատելով ներկայացված նախագծից՝ սոցիալական իրավիճակը Հայաստանում կշարունակի մնալ նույնքան լարված, որքան նախկինում: Իշխանափոխությանը հաջորդած երրորդ բյուջետային տարում կառավարությունը չի նախատեսում աշխատավարձերի բարձրացում:
Բազային աշխատավարձը հաջորդ տարի պետական կառավարման համակարգում կմնա նույնը: Այն կկազմի 66.1 հազար դրամ:
Դա աշխատավարձի այն շեմն է, որի նկատմամբ կիրառվում են համապատասխան գործակիցները: Թեև շրջանառվող օրենսդրական նախաձեռնության շրջանակներում հաջորդ տարի նախատեսվում է նվազագույն աշխատավարձի ավելացում, այնուհանդերձ կառավարությունը հակված չէ այդ փոփոխությունը կիրռառելու նաև բազային աշխատավարձերի վրա: Մի բան, ինչը նշանակում է, որ բյուջեի ներկայացված նախագծով հաջորդ տարի ևս պետական կառավարման համակարգում աշխատավարձերի համընդհանուր բարձրացում չի ակնկալվում:
Եվ դա այն դեպքում, երբ 2020 թ. դարձյալ վերադառնում ենք կենսաթոշակային վճարների նախկին հարաբերակցությանը: Դրա հետևանքով ծանրանալու է աշխատողների հարկային բեռը: Նրանք ստիպված են լինելու աշխատավարձից ավելի շատ մասհանումներ անել կենսաթոշակային ֆոնդերին: Արդարության համար ասենք, որ դրան զուգահեռ կնվազի նաև եկամտային հարկի բեռը, բայց այն աշխատողների հիմնական մասի վրա չի տարածվի: Կառավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի այդ փոփոխությունից օգտվեն հատկապես բարձր եկամուտներ ունեցողները: Ոչինչ, որ հասարակության ցածր եկամուտներ ունեցող հատվածը հերթական անգամ հարվածի տակ կընկնի:
Ի տարբերություն աշխատավարձերի՝ կառավարությունը ոչ մեծ քայլ է արել կենսաթոշակների դեպքում: Այդ առումով, իհարկե, նորություն չենք ասելու, որովհետև դրա մասին վարչապետն արդեն բազմիցս հայտարարել է. իշխանափոխության երրորդ տարում կենսաթոշակները կբարձրանան 10 տոկոսով կամ շուրջ 4000 դրամով:
Թե դա որքանո՞վ կբարելավի կենսաթոշակառուների կյանքի պայմանները, թող որոշեն իրենք: Մի բան փաստ է, որ դա այն գումարը չէ, ինչին մարդիկ սպասում էին իշխանափոխության արդյունքում: Երրորդ տարում ընդամենը 4000 դրամ ավելացումը որևէ խնդիր չի լուծում կենսաթոշակառուի համար:
Առավել ևս, եթե հաշվի առնենք նաև գնաճը: Խոսքը ոչ թե միջին գնաճի, այլ լայն սպառման ապրանքների և հատկապես սննդամթերքի գնաճի մասին է, որն անհամեմատ ավելի բարձր է»,-գրում է 168-ը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: