Հյուպատոսի «համեստ» ունեցվածքը. ինչ հայտարարագիր է ներկայացրել Նիկոլայ Սարկիսովը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը վերջապես ներկայացրել է ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ 2018 թվականի պաշտոնական հայտարարագիրը: Ըստ այդմ` Սարկիսովը շարժական եւ անշարժ գույք չունի:

Համենայնդեպս, այդպես նշված է նրա պաշտոնական հայտարարագրում: Սարկիսովի դրամական միջոցները կազմում են 26 հազար դոլար, 39 հազար եվրո եւ 14 մլն 802 հազար ռուսական ռուբլի: Եկամտի մասին հյուպատոսի հայտարարագրում որեւէ տվյալ ներկայացված չէ: Ի դեպ, նրա հետ փոխկապակցված անձանց ունեցվածքի եւ դրամական միջոցների մասին հայտարարագրերը եւս բացակայում են:

Ուշադրություն, խոսքը հայազգի գործարար Սարկիսովի մասին է, որի ընտանիքը ընդգրկված է Ռուսաստանի ամենահարուստների ցանկում: Լրատվամիջոցների տեղեկություններով` նա 750 մլն դոլար կարողություն ունի: Բայց դատելով հայտարարագրից` Սարկիսովի գործերը կարծես թե այդքան էլ լավ չեն: Հիշեցնենք, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վարույթ էր հարուցել հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի նկատմամբ` հայտարարագիր չներկայացնելու համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: