Ինձ համար ուղղակի անհասկանալի է, թե ինչու բանակում չծառայածների զորահավաք չի իրականացվում. Եգանյան

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ եգանյան իր էջում գրում է.

Հրաշալի է, երբ անցկացվում են նման խոշորամասշտաբ զորավարժություններ, Հայաստանի նման երկրներում այդպիսիք պետք է հնարավորինս հաճախ անցկացվեն, ինչը թույլ կտա յուրաքանչյուր քաղաքացու իմանալ պատերազմի դեպքում իր անելիքը: Ինձ համար ուղղակի անհասկանալի է, թե ինչու բանակում չծառայածների զորահավաք չի իրականացվում, մի՞թե միայն բանակ ծառայածներս պետք է պատրաստ լինենք առաջինը զենք վերցնելու և սահման գնալու, թե ճիշտ կլինի, եթե խաղաղ ժամանակն օգտագործենք ու զինվորական գիտելիքներ տանք բանակ չգնացածներին:

Խոսվում է այս ոլորտում տարիներ շարունակ իշխած կոռուպցիայի մասին, եթե խոսում եք, ուրեմն մի բան ավել գիտեք, գիտեք, որ հիվանդությունների մեծ մասը սարքած է ու գոյություն չունի, այդ դեպքում որն է արդարությունը, երբ երկու տարի ընտանիքից ու ուսումից արդեն հեռու գտնված երիտասարդը հիմա ևս պետք է կանչվի զորավարժության, իսկ նույնիսկ դա չարած մյուս քաղաքացին պետք է այս անգամ ևս հանգիստ զբաղվի իր գործերով:

Ընդունեք, որ մեկ անգամ ևս խախտվում է արդարության սկզբունքը, հայրենիքի պաշտպանությունը բոլորի գործն է, այլ ոչ թե մեկ անգամ արդեն դրան մասնակցածներինը: Զորակոչ արեք ու տարրական գիտելիքներ սովորեցրեք նաև չծառայածներին: