Սպան դա պետք է գիտակցի՝ նման բաներ անելը հենց պետությանն է վնասում․ Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

-Պարոն Սիմոնյան, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելեսում արած հայտարարությանը, ասում է «Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու»։ Ինչպե՞ս եք գնահատում։

-Շատ բացասական եմ գնահատում։ Կարծում եմ, որ նման խոսելաոճն անընդունելի է, և պետության ներսում նման բաներ անելը հենց պետությանն է վնասում։ Սպան դա պետք է գիտակցի, մի պահ կանգ առնի և շարժվի պետության շահերով։

-Վանեցյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել էիք «Մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից` իմ քաղաքական առաջնորդը»։ Այս հայտարարություններից հետո նա շարունակո՞ւմ է մնալ Ձեր ընկերը։

-Գիտեք, այս իրավիճակի քննարկում նրա հետ չեմ ունեցել, բայց իմ ամենամեծ ընկերը իմ քաղաքական թիմն է, և իմ ամենակարևոր շահը և իմ ամենակարևոր հետաքրքրությունը՝ ՀՀ շահն է, իսկ գործողություններ, հայտարարություններ, որոնք կարող են լինել այդ երկու ինստիտուտի դեմ, ինձ համար ուղղակի անընդունելի է։

-Նրա անունը անընդհատ ասոցացվել է Ձեզ հետ, մասնավորապես, որ Դուք եք Վանեցյանին առաջարկել ԱԱԾ պաշտոնում նշանակել։

-Ե՞վ։

-Գոնե փորձե՞լ եք հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ։

-Վարչապետն իրեն ճանաչել է մինչև իմ առաջարկը։ Եվ ինչ է նշանակում՝ ես եմ առաջարկել։ Հարյուր մարդ հարյուր հոգու է առաջարկել։ Եվ իրեն առաջարկելուց հետո իմ և իր շփումները շատ քիչ են եղել, և որևէ շփում կամ հարաբերություն, կրկնում եմ, պետության շահի և մեր վարչապետի հետ կապված որևէ բացասական գործողություն ինձ համար չի կարող արդարացված լինել։

-Քաղաքական հա՞յտ է նա ներկայացնում։

-Չգիտեմ, բայց հույս ունեմ, որ դրա գիտակցությունը կլինի, որ դա տեղին չէ։

-Հարաբերությունները խզո՞ւմ եք նրա հետ։

-Ես հարաբերություն խզելու կամ չխզելու խնդիր չունեմ։ Ես շփվել եմ, ինչ ինքը նշանակվել է, շփվել եմ շատ ավելի քիչ, քան մինչև նշանակվելը։ Ինքը ունեցել է իր աշխատանքը, անմիջականորեն աշխատել է վարչապետի հետ, այդ ընթացքում իմ շփումը շատ քիչ է եղել։

-Անակնկա՞լ էր Ձեզ համար։

-Հրաժարականի հետ կապված տեղեկատվությունը մի քանի օր առաջ գիտեի, բայց ես երկրում չէի, վերադարձել եմ, նոր եմ իմացել՝ ասուլիսի ժամանակ, ինչպես բոլորը։

-Նշվում է, որ պլանավորվում էր հեղաշրջում Վանեցյանի գլխավորությամբ։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ մասով։

-Որևէ բան հայտնի չէ, բացառում եմ նման բան։

-Հնարավոր է, որ կանխվել է հենց դա՞։

-Խելագարության կանխավարկածից է այդ ամենը, որովհետև ՀՀ ղեկավարությունը ՀՀ ժողովրդի լիակատար աջակցությունն ունեցող ղեկավարություն է, և միայն խելագարը կարող է նման բան մտածել կամ նման բան պլանավորել։

1in.am