Ամուլ սարի հանքի շահագործման արգելքի իրավական հիմքերը

«Այս պահին մենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու դե յուրե որևէ հիմք չունենք: Կես ժամից կարող է պարզվել, որ այդ հիմքը ի հայտ է եկել. ոչ մի զգացմունք ու շահ չունենք, կփակենք: Մենակ այն բանի պատճառով, որ կառավարության վրա ճնշում են գործադրում, մենք չենք պատրաստվում հանքը փակել: …Եթե ունենք արգելելու հիմք ու պատճառ, պիտի արգելենք, եթե չունենք, ինչի՞ հիման վրա ենք արգելում»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, 2019 սեպտեմբերի 22, Լոս-Անջելես, ԱՄՆ

Առանց կառավարության վրա ճնշում գործադրելու՝ ստորև ներկայացվում են Ամուլ սարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման երկրաբանական, լեռնահանքային, տնտեսագիտական, էկոլոգիական բացասական հիմնավորումները՝ չբացված հանքն արգելելու իրավական հիմքերը:

1.Երբ Գեոթիմը Ամուլ սարում երկրաբանական ուսումնասիրություն կատարելու նպատակով դիմել էր էկո-փորձաքննության, հարկ է որ լիազոր մարմին` բնապահպան նախարարությունը բացասական եզրակացություն ներկայացներ, հաշվի առնելով հետևյալ հիմքերը՝

1.1.Ամուլ սարի տեղադիրքը – Վարդենիսի, Վայքի լեռնաշղթաների և Սյունյաց նախալեռների միջնամասում, որտեղ առկա են որոշակի տեկտոնիկ խզումներ, սեյսմիկ ռիսկերը բարձր են;

1.2.Ամուլ սարը նպաստում է ջրագոյացմանը (ավելի քան 100 ջրաղբյուրներ) և ջրբաժան գործոն է Արփա, Որոտան գետերի համար – երկրաբանահետախուզական աշխատանքները անդարձելի չկարգավորվող  ռիսկեր են Ամուլ սարի բնական ջրային հոսքերի, ստորգետնյա հոսքերի համար;

1.3.Ամուլ սարում ռադիոակտիվ ուրանի և թորիումի պարունակության վերաբերյալ 1950-ական թվ.-ներին Գրոմովյան արշավախմբի հաշվետվությունը – 100 տ ռադիոակտիվ նյութը պիտանի չէ արդյունահանման համար, սակայն երկրաբանահետախուզական աշխատանքները խիստ վտանգավոր միջամտությամբ գործարկում են այդ ռադիոակտիվությունը՝ անդարձելի և անկառավարելի ռիսկերով;

1.4.Ամուլ սարի ընդերքը սուլֆիդային բնույթի հանք է – բուսահողն ու կավաշերտը հեռացնելու դեպքում մետաղների սուլֆիդները փոխազդում են արտաքին խոնավության հետ՝ անկանոն, ցրված, անվերահսկելի թթվային հոսքեր առաջացնելով, որոնք արագորեն տարածվում-քայքայում են շրջակա բնական միջավայրը;

1.5.Ամուլ սարում երկրաբանահետախուզական աշխատանքներն անդարձելի ռիսկեր են Սպանդարյան-Կեչուտ ջրատարի նկատմամբ, հնարավոր է՝ Սևանա լճի աղտոտում;

1.6.Ամուլ սարից դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք տարածվում է Ջերմուկի հանքային թերմալ ջրերի բնական ավազանը, որի շնորհիվ Ջերմուկը բազմամյա առողջարար գործունեության աշխարհահռչակ համբավ ունի, բայց վերը թվարկված անդարձելի չկարգավորվող ռիսկերը կվտանգեն/կոչնչացնեն Ջերմուկի բնական ջրավազանի առողջարար հատկությունները;

1.7.Երկրաբանահետախուզական աշխատանքները անդարձելի բարձր ռիսկեր են՝ Ամուլ սարի ալպիական մարգագետիների առատ, բարձրակարգ բուսականության, հատկապես՝ ալպիական և մերձալպյան մարգագետինների հարուստ մեղրատու բուսականության նկատմամբ (մատնունի ծիրանավորն ընգրկված է Կարմիր Գրքում);

1.8.Երկրաբանահետախուզական աշխատանքները բազմաթիվ բարձր չկարգավորվող ռիսկեր են առաջացնում Ամուլ սարի բնական ռեսուրսներից օգտվող (այգեգործ, մեղվաբույծ) գյուղական համայնքների բազմահազար բնակչության կենսագործունեության նկատմամբ: …

Այս թվարկումը ծանրակշիռ ու հիմնավոր արգելք է և էկոլոգիական փորձաքննության բացասական եզրակացություն է պարտադրում երկրաբանական ուսումնասիրությանը: Բայց այս ծանրացուցիչ դեպք հանցանացը նախկին պաշտոնյաները որպես կաշառքի երաշխիք են օգտագործել: Ուստի Ամուլ սարում երկրաբանական ուսումնասիրություն կատարելու նպատակով Գեոթիմին տրված էկո-փորձաքննության դրական եզրակացությունը հիմնավորված չէ և հակասում է ՀՀ օրենսդրության կանխարգելիչ նորմերին, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին:

2.Սակայն ծակելու-քանդելու ուղեգիր ստանալով, երկրաբանական ուսումնասիրության արդյունքում՝ Ամուլ սարի գագաթից 300մ խորությունում Գեոթիմը հայտնաբերել է 1տոննա հանքանյութում մինչև 0,78գ ոսկու պարունակություն (Սոթքի 1տ հանքանյութը պարունակում է 5-7գ ոսկի):

2.1. Գեոթիմը արդյունաբերական է համարել 1տ-ում 0,78գ կազմող ոսկին և նախագիծ է մշակել Ամուլ սարի գագաթից 300մ խորության վրա գտնվող ոսկու նվազկոտ պարունակությունն արդյունահանելու համար՝ բաց եղանակով: Հետևաբար՝ այս հիմքի վրա մշակված նախագիծը երկրաբանական հիմնավորում չունի՝ Ամուլ սարի գագաթն անջատվել է հիմնական հանքավայրից, որը նախագիծը մերժելու հիմնավորում է: Ոսկու նվազագույն պարունակության պատճառով (որ անհույս անապատում 1տ ավազ փորփրեն, մշակեն ավելի շատ ոսկի կստացվի) տնտեսագիտական հիմնավորվածությունը թույլ է և խոցելի, որը նույնպես՝ նախագիծը մեժելու հիմնավորում է:

2.2. Ըստ հայ մասնագետների՝ Ամուլ սարի ստորին հորիզոններում գտնվում է ոսկի-բազմամետաղային երակային բնույթի հանքավայրը, որը պարունակում է 20 տ ոսկի, 400 հազ.տ կապար, 100 հազ.տ ցինկ, մոտ 50 հազ.տ պղինձ և այլ հարակից տարրեր: Բայց Գեոթիմը արդյունաբերական է համարել միայն գագաթամասի ոսկին և որոշում կայացրել միայն ոսկու արդյունահանման վերաբերյալ: Միայն եկամտաբեր տարրի այս դեպքում՝ ոչ եկամտաբեր շերտի արդյունահանումը միաժամանակ վնասում (վերացնում) է այլ օգտակար հանածոների (շերտերի) հանույթի պայմանները, և հանքը կորցնում է տնտեսական գրավչությունը: Հետևաբար՝ բազմամետաղային հանքի այս կարգի շահագործումը երկրի տնտեսության համար արդյունավետ չէ: Սա ևս մերժման հիմնավորում է:

2.3. Միայն ոսկու արդյունահանումը հնարավոր է <հիմնավորել>՝ ոսկու հաշվարկային եկամտի և ստորին հորիզոնների օգտակար տարրերի քանակ-որակային տվյալների համեմատությունով: Բայց Գեոթիմ/Լիդիանի պաշտոնական կայքում այդ մասին որևէ համեմատական վերլուծություն գոյություն չունի: Բացակայում է նաև հանույթի տեխնոլոգիական եղանակի այլընտրանքային հիմնավորումը (բացահանք թե ստորգետնյա): Ամուլ սարում նախատեսված բացահանքը հանույթի ամենաէժան, բայց և ամենավնասակար եղանական է: Եվս երկու մերժման հիմնավորում:  

2.4. Հաջողության դեպքում 10 տարվա ընթացքում ընկերությունը 2,5-3 մլրդ. $-ի ոսկի կստանա (մինչև 70տ)՝ Ամուլ սարի հանքի շահագործման արդյունքում, ՀՀ պետական բյուջե վճարելով 489 մլն.$: Բայց հանքերով հարուստ երկրի օրենսդրությամբ թափոնների վճար սահմանված չէ, թեև հսկայական տարածքներ են զբաղեցնում ու քայքայում՝ մշտապես : Հետևաբար՝ արդյունահանման ընթացքում առաջացող ավելի քան 100 մլն.տ երկրորդ կարգի տոքսիկ թափոններին համարժեք 5 մլրդ $-ը, ինչպես նաև՝ 300 մլն.տ դատարկ ապարներին համարժեք 375 մլն.$-ը վճարման ենթակա չեն, թեև այդ թափոնները մշտապես 420-540 հա տարածք են զբաղեցնելու՝ սակավահող, փոքր երկրում: Հարկ է նաև՝ նշել, որ թափոնների նշված քանակները սովորաբար համարժեք են 280-440 տ ոսկու ստացմանը:

Անտեսելով վերը նշված օրենսդրական թերությունը, նախագծային թերություններն ու տնտեսական խոցելիությունը, որոնք նախագիծը մերժելու հիմնավորումներ են, Գեոթիմին կանաչ ուղի են մաղթել լեռնահանքային գործի ՀՀ լավագույն վարպետները՝ ընդերքի գործակալությունում և արդյունքում Գեոթիմը կազմակերպել է նաև այդ մերժելի նախագծի Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատումը, որի նախագիծը ներկայացրել է էկո-փորձաքննության լիազոր մարմին՝ բնապահպան նախարարություն:

3.Հանքային իրավունքը տրվում է էկո-փորձաքննության դրական եզրակացության հիման վրա: Ուստի ներկայացնում ենք Գեոթիմի ՇՄԱԳ-ի փորձաքննության բացասական հիմնավորվածությունը.

3.1. Հայաստանի Հանրապետությունը սակավահող, սակավանտառ երկիր է և բազմաթիվ մետաղական հանքերի բարձր ազդեցությանը դիմանալու ներուժ չունի՝ շատ փոքր է: Բնորոշ են չոր ցամաքային կլիման, բարդ երկրաբանական կառուցվածքը՝ բարձունքային գոտիականությունը: ՀՀ տարածքում բնագոյացման գործոնները նվազ են ու սակավբնության քայքայման գործոններն ագրեսիվ են ու բազմազան: Այս բնութագիրը հարկ է հաշվի առնել բնօգտագործման նախաձեռնությունների նախնական գնահատման, նաև՝ որոշումների կայացման հիմքերում: ՀՀ բնության խիստ բնութագիրը պայմանավորված է նաև լեռներով, որոնք ջրագոյացման գործոններ են, ջրբաժան դեր են կատարում և ուրեմն <իրավասու են> պայմաններ թելադրել: Ամուլ սարի լանջերից բխում են ավելի քան 100 ջինջ աղբյուրներ, Ամուլ սարը Որոտան, Արփա գետերի ջրբաժանն է ՀՀ երկու մարզերի՝ Վայոց Ձորի և Սյունիքի սահմանին: Արփան հոսում է Ամուլ սարի արևմտյան կողմովՈրոտանն Ամուլ սարը երիզում է արևելքիցԵրկուսն էլ  ջրառատ, արագահոսքայքայման բարձր ունակությամբ գետեր են:

3.2. Ամուլ սարում հանք-արդյունահանումը սկսվում է բուսահողն ու կավաշերտը հեռացնելով, հարկ է հողի փորման, մակաբացման միջոցով առաջացնել բացահանք՝ 135 հա: Ծովի մակարդակից 2988-2600մ բարձրություններում բացվելու է սուլֆիդային հանքավայր (FeS, ZnS, CuFeS, PbS, …, MS), որի սուլֆիդները ջրի և թթվածնի ազդեցությամբ կառաջացնեն անկանոն, անվերահսկելի՝ ցրված թթվային հոսքեր, որոնց քայքայիչ ազդեցությունը կտարածվի դեպի հարավ՝ մինչև Սպանդարյան ջրամբար, ընդգրկելով Սևանի ստորգետնյա ջրատարը, հյուսիսում մոտենալով՝ Ջերմուկի հանքային ջրերի ավազանին, արևելքում՝ Սյունիքի նախալեռներին: Անկախ նրանից, թե ով ինչ կապ կտեսնի կամ չի տեսնի Ջերմուկի և Ամուլ սարի միջև, հաստատ այս միջակայքում վակուում չկա, այլ՝ նյութեղեն բնական միջավայր գոյություն ունիորը թթվային հոսքերը քայքայում են (օքսիդիչ քաղց ունեն):

3.3.Ջերմուկ առողջարանի հեռավորությունը բացահանքից ուղիղ գծով կազմում է 8 կմ, որտեղ գտնվում է բուժիչ հանքային ջրերի ավազանը, որն աշխարհահռչակ 70-ամյա համբավ ունի: Ամուլ սարում բացահանքի պայթեցումների՝ կոշտ մասնիկներով գերհագեցած արտանետումները, բարձր դիրքի և քամիների պատճառով շրջակա միջավայրում առավել ընդգրկուն տարածում կունենան՝ հյուսիսում հասնելով մինչև Ջերմուկ, հարավում՝ Սպանդարյան ջրամբար:

3.4.Ամուլ սարի հիմքում առկա են տեկտոնիկ խզումներ, որով պայմանավորված Վայքի, Վարդենիսի լեռնաշղթաների, Սյունյաց նախալեռների միջակայքը բնութագրվում է սեյսմիկ բարձր ակտիվությամբ, որը հնարավոր չէ կարգավորել (իսկ Գեոթիմի նախագիծը <դիմանում է> 7 մագնիտուդ երկրաշարժին)՝ 7-ից բարձր մագնիտուդով երկրաշարժի դեպքում բացահանքն արագորեն կշարժվի դեպի Որոտանի գետահուն:

3.5.Նախատեսվել է հանքանյութը տարրալուծել կույտային տարրալվացման հարթակում՝ նատրիումի ցիանիդի լուծույթով, որը նախագծով տեղակայված է Սպանդարյան-Որոտան-Արփա-Կեչուտ-Սևանա լիճ ստորգետնյա ջրատար թունելին զուգահեռ, վերգետնյա՝ Արփայից դեպի Եղեգիս գետի ուղղությամբ: Թեև CN ցիանիդ իոններն ակտիվ օքսիդիչներ ենբայց նախագծով բետոնե հարթակի մեկուսացումը լիարժեք ապահովված չէԱռկա է բարձր ռիսկոր ցիանային տարրալվացման քայքայիչ ազդեցությունը կտարածվի դեպի ստորգետնյա թունել և Կեչուտ (Սևանա լիճ), Արփայով՝ Հերհերի ջրամբարԱրփաԵղեգիս միջակայքումընդգրկելով նաև Ջերմուկի հանքային ջրերի ավազանը:  

3.6.Արփայից տարրալվացման հարթակը հեռու է 1 կմ՝ մագնիտուդից բարձր երկրաշարժի դեպքում ցիանային կույտերով հարթակը կհայտնվի Արփա գետում, վտանգելով Հերհերի ջրամբարը, անդարձելի վնասելով Սևանի ստորգետնյա ջրատարը, Ջերմուկի հանքային ջրերի ավազանը:

3.7.Հանք-արդյունահանման վերը նկարագրված բարդ ազդեցությունը Ամուլ սարի դիրքի և ուժգին քամիների պատճառով արագորեն կտարածվի շրջակա բնական միջավայրում՝ սկզբում ընդգրկելով 280 կմ2, որն աստիճանաբար կանցնի 640 կմ2-ն: Ամուլ սարի հարավային ստորոտը պարփակված է Սյունիքի նախալեռների և Վայքի լեռնաշղթայի միջև, որը ՀՀ ամենանեղ լայնությունն է: Ամուլ սարի հանք-արդյունահանումը խեղդում ու փշրում է այս նեղ պարանոցը՝ Սյունիքի մարզն անջատելով <մեծ> երկրից՝ իր ենթակառույցներով, բնակավայրերով, անտառներով, հանքերով ու երկրաշարժերով հանդերձ: Սա ազգային, պետական անվտանգության հարց է:

3.8.Նախապատրաստական որոշ աշխատանքների ընթացքում արդեն հատվել են Գնդևազի ծիրանի այգիները, և մեղրածոր ծիրան այլևս չի աճում: Հանքի փոշին որևէ կերպ չի վնասազերծվում և արդեն տարածվում է մինչև Ջերմուկ: Նաև անդարձելի վնասվել, վերացել են լեռնային մարգագետինները, մեղվապահներին զրկելով իրենց գործից՝ մեղրատու բուսականություն այլևս չկա, որ մեղուները նեկտար հավաքեն, մեղր սարքեն: Թեև հանքի շահագործումը դեռ չի սկսվել, բայց արդեն ակնհայտ է կենսագործունեության պահանջները բավարարող միջավայրում ապրելուգործելուբուժվելու մարդկանց իրավունքի խախտումը:

3.9.Հարկ է ընդգծել, որ որոշումների կայացման գործընթացներում և Գեոթիմը, և էկո-փորձաքննության լիազոր մարմինը անտեսել են բազմաթիվ փորձառու մասնագետների հիմնավոր դիտողությունները, լայն հանրային բացասական վերաբերմունքը և հիմնավոր դիմակայությունը: Այդ անտեսումը մարդու էկոլոգիական իրավունքի խախտում է և ԷՓ բացասական եզրակացության հիմք է, նշված խախտումը նաև ուղեկցվում է միջազգային համապատասխան պատժամիջոցներով:  

3.10.Գեոթիմ/Լիդիանը և էկո-փորձաքննության լիազոր մարմինը Ջերմուկի բնակչությանն ազդակիր համայնք չեն համարել՝ ակնհայտ դիտավորությամբ, որով խոչնդոտել են իրենց կենսագործունեության վրա ազդող գործունեության քննարկմանը մասնակցելու և որոշման վրա ներգործելու՝ մարդու իրավունքի իրացմանը:  Սա ևս ԷՓ բացասական եզրակացության հիմք է, այս խախտումը նույնպես՝ ուղեկցվում է միջազգային համապատասխան պատժամիջոցներով:

Նկարագրված հիմնավոր խախտումներից որևէ մեկի առկայությունը ՇՄԱԳ նախագծում՝ բացասական եզրակացություն է թելադրում էկո-փորձաքննության արդյունքում: Ի վերջո բոլոր 3.1-3.10 հիմքերը միասին՝ մեկ ամբողջական բացասական հիմնավորված եզրակացություն են պարտադրում, քանի որ գործնականում չեն բացառվում վտանգները՝ Արփա, Որոտան գետերի նկատմամբ և նրանց բարձր էրոզիոն հատկությունները, ցրված թթվային հոսքերի, բացահանքի արտանետումների, ուժգին երկրաշարժի, կույտային տարրալվացման ցիանային հոսքերի, նաև ռադիոակտիվության վտանգները և կարգավորման ոչ մի միջոցով հնարավոր չէ ապահովել՝

  • Ջերմուկ առողջարանի և հանքային ջրերի բնական ավազանի անվտանգությունը,
  • Կեչուտի ջրամբարի, հետևաբար նաև՝ Սևանա լճի անվտանգությունը,
  • Արփա, Որոտան գետերի, Սպանդարյան և Հերհեր ջրամբարների անվտանգությունը:

Բայց բնապահպան նախարար Ա.Գրիգորյանը նշված բոլոր հիմքերը հաշվառել է հակառակ կողմից (իր նախորդների նման) և 2017թ. ապրիլի 29-ին հաստատել է ԲՓ-35 <դրական> եզրակացությունը, որը ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է:

4.Հիմա էկո-փորձաքննության լիազոր մարմնի և նախաձեռնողի պատասխանատվության մասին.

4.1.Էկո-փորձաքննության լիազոր մարմինը պարտադիր պետք է լրամշակի ներկայացված ՇՄԱԳ-ը ռիսկերի <կարգավորումներով>, նաև մոնիթորինգի պլանով (անհերքելի հիմնավոր, հեշտ չափելի մոնիթորինգի ցուցիչներով), նաև պարտադրի նախաձեռնողին՝ նախագծում օգտագործել միջազգային լավագույն տեխնիկական փորձը՝ մաքուր տեխնոլոգիաները: Սա տեղի չի ունեցել:

4.2.Նախաձեռնող ընկերության տնօրենների խորհուրդը պետք է որոշում կայացնի ռիսկերը կարգավորող միջոցառումների կատարումը ֆինանսավորելու և մոնիթորինգի պատասխանատուներ նշանակելու վերաբերյալ: Սա ևս տեղի չի ունեցել, որը նույնպես արգելման հիմք է:

Հանրագումարի դեպքում առկա են քսանչորս հիմնավորումներ՝ տնտեսագիտական, երկրաբանական, էկոլոգիական, իրավական բնույթի, որոնք Գեոթիմ/Լիդիանի նախագիծն արգելելու իրավական հիմքերն են, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել (հանքի շահագործման ընթացքում բազմաթիվ և բազմաստիճան արտակարգ իրավիճակներ կառաջանան): Բացի դրանից՝ մինչև 2017թ. ապրիլի 29-ը Լիդիանը չի գործարկել Ամուլ սարի ոսկեբեր քվարցիտների հանքի արդյունահանման համալիրը (թեև տաս տարվա ընթացքում որոշում կայացնող պետական պաշտոնյաները մի քանի անգամ կանաչ ուղի են բացել այդ նպատակով) և սպառել է ԲՓ-35-ով իրեն հատկացված վերջին ժամանակը՝ չիրացնելով հանքի շահագործման իրավունքը: Հետևաբար՝ ՀՀ կառավարությունը պարտավոր է ԲՓ-35-ի ուժը կորցրած համարել՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն: Սա Ամուլ սարի հանքի շահագործումն արգելելու 25-րդ իրավական հիմքն է:

Ամուլ սարի հանքի շահագործման դեպքում առկա են հիմնավոր անդարձելի և չկարգավորվող ռիսկեր, որոնց մի մասն արդեն իրական վտանգ են: Ամուլ սարը բազմաթիվ ՏԱԲՈւՆԵՐ ունի: Ուստի հարկ է ամեն ինչ անել, հնարավոր բոլոր միջոցները գործադրել, որ Ամուլ սարում ոչ մի հանքի, ոչ մի արդյունահանում ոչ մի դեպքում չլինի՝ այս <ներդրումը> մեր ԵՐԿՐԻ՝ մեր Քարե Բարձունքի համար խիստ վտանգավոր է:

Սրբուհի Հարությունյան  Էկո-փորձաքննության խորհրդատու

2019 թ. սեպտեմբերի 24.