«Մարտի 1-ի մասին ներկայացվածը այսբերգի մի փոքրիկ կտորն է միայն»

Ազգային ժողովն օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանության և Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը։ Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծի իմաստն այն է, որ ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարվեն քաղաքական, և այդ պաշտոններում նշանակվեն ԱԺ պատգամավորի թեկնածուներին ներկայացվող պահանջներին համապատասխանող անձինք։

ՀՀ Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը կարևորում է, որ ոչ թե համակարգից նշանակվեն ոստիկանության պետն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, այլ թե ում կնշանակեն։

«Կարևոր է, որ արժանի մարդու նշանակեն։ Օրենքն ավելի լայն հնարավորություն է ընձեռում կադրային ռեզերվից ընտրություն կատարելու»,- նշեց Կարեն Անդրեասյանը։

Մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի դատավարության, նրա խափանման միջոցը փոխել-չփոխելու հետ կապված ենթադրություններ են արվում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից առաջ նա կարող է ազատ արձակվել։

Կա՞ նման սցենար։

«Կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ հարցն ուղղել դավադրության տեսության հեղինակներին, որոնք ունեն նման ֆանտազիաներ, և Մարտի 1-ի գործը կապում են Պուտինի այցի հետ։ Կարծում եմ, որ պաշտպանական խմբի ընտրած ռազմավարությունը ճիշտ չէ, մարդիկ, հասարակությունը սպասում են ավելի անկեղծ շարադրանքների Մարտի 1-ի գործում ներգրավված բոլոր կողմերից։ Եվ միայն ժխտողական հայտարարությունները, դատական համակարգին մեղադրելը քիչ է։ Դատական համակարգին միշտ էլ բոլորը մեղադրել են։ Եթե ուզում են, որ հասարակության մեջ վստահություն լինի, ապա կարծում եմ, որ պետք է ազնվորեն պատմեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ»,- ասաց ՀՀ Մարդու իրավունքների երրորդ պաշտպանը։

Մարտի 1-ի գործով մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն երեկ դատական նիստի ժամանակ անուններ է հնչեցրել, թե ում հետ է խորհրդակցել Մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելու համար։ Կարո՞ղ է այդ հայտարարությունը նոր մարդկանց ներգրավվել Մարտի 1-ի գործում։

«Առաջինը իմ հանդիպումն է բարձրագույն զինվորական կազմի հետ նախագահականում, դրա հետ կապված կա 13 հոգու ցուցմունք։ Կա ևս մի քանի մարդու ցուցմունք, որոնք այդ շաբաթվա մեջ իմ հետ շփում են ունեցել հեռախոսով, կամ անմիջապես։ 850 վկաներից միայն նրանք են, որ ինձ տեսել են ֆիզիկապես, կամ ինձ հետ շփվել են։ Դրանցից մեկը ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է, որի հետ համաձայնեցրել ենք ու քննարկել արտակարգ դրության հրամանագիրը, Սերժ Սարգսյանը՝ որպես վարչապետ, զանգել եմ ու համաձայնեցրել հրամանագիրը, Հայկ Հարությունյանը՝ որպես ոստիկանապետ, և Արմեն Գևորգյանը, որին հանձնարարվել է հրամանագիր պատրաստել արտակարգ դրության մասին։ Ամբողջ այդ հատորների մեջ չկա մեկ մարդ այս շրջանակներից դուրս, որին ես տեսած լինեմ, որոնք ինձ հետ շփված լինեն»,- ընդգծել է Ռ. Քոչարյանը։

«Ես կարծում եմ, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ դատավորությունը բավարար ինֆորմացիա չեն տրամադրել հասարակությանը։

Վստահ եմ, որ շատ-շատ բան կա պատմելու: Այդ շերտը, որ ներկայացվում է, ուղղակի այսբերգի մի փոքրիկ կտորն է։

Նույնիսկ ծիծաղելի է հավատալ, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես հիմա ներկայացվում է։ Հաստատ շատ ավելի խորքային և հակասահմանադրական գործողություններ են եղել այդ ժամանակ։ Եվ պետք է տեսնել, թե ով վերջապես կպատմի, թե ինչ է եղել Մարտի 1-ին, ինչպես են փորձել պահել իշխանությունը, երբ փողոցում մարդիկ բողոքում էին անարդար ընտրությունների դեմ»,- ասաց Կարեն Անդրեասյանը։

1in.am