Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը

Sputnik Արմենիայի սյունակագիրը ներկայացնում է Նիգերիայի մայրաքաղաք հեռավոր Աբուջայում հաստատված միակ հայ ընտանիքի սիրո ու կենցաղի պատմությունը։ Սա անսովոր ու անհավանական պատմություն է մաքառող ու սիրող ամուսինների մասին։

Արևմտյան Աֆրիկայում գտնվող հեռավոր Աբուջայում 8-9 ամսական հղի կինը 20 լիտրանոց ջրի շշեր է տեղափոխում, իսկ նրա կողքին կանգնած ամուսինը`կնոջ կատարած աշխատանքի դիմաց ստացած փողերն է հաշվում։ Նման պատկերները սկզբում Հայաստանում ծնված մեծացած Իռենայի համար շոկային էին, սակայն ժամանակի հետ սովորական դարձան։ Իռենա Ղևոնդյանն արդեն յուրացրել է Նիգերիայում ապրելու և տեսածից չզարմանալու նուրբ արվեստը։ Ի՞նչն էր պատճառը, որ Իռենան բնակություն հաստատեց Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ մշակույթով, կենցաղով, սովորույթներով ու կլիմայով տարբերվող աֆրիկյան երկրում։ Պատասխանը մեկն է՝ սերը․․․

Նիգերիա, առևտրի կենտրոն

Լիբանանահայ Հովիկի հետ Facebook-յան նամակագրությունը կապուտաչյա գեղեցկուհու համար ճակատագրական դարձավ։ Թեպետ Իռենան սկզբունքորեն դեմ էր համացանցային ծանոթություններին, բայց սերը հաղթեց աղջկա սկզբունքին։ Որքան էլ զարմանալի է, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Հովիկի հետ, որն արդեն գրեթե 10 տարի է, ինչ Նիգերիայում է ապրում, զրուցելու թեմաներ գտնվում էին. աղջկա համար հետաքրքիր էր` ինչպիսին է կյանքն Աֆրիկայում, և ինչ գործ ունի Հովիկն այնտեղ։ Շփման ընթացքում պարզեց, որ, լիբանանցիների համար Նիգերիան և հարևան երկրները գրեթե նույն նշանակությունն ունեն, ինչ Ռուսաստանը՝ հայերի համար․ Նիգերիան էլ լիբանանցիների, այս դեպքում նաև լիբանանահայի համար որպես «խոպան» է ծառայում։ Նիգերիայի նման զարգացող երկրներում նեղ մասնագետների կարիք շատ կա․․․ Այսպես, զրուցելու թեմաներն էլ ավելացան, զգացմունքներն` էլ։

«Երբ ընտանիքիս պատմեցի, որ համացանցով մի լիբանանահայ տղայի հետ եմ շփվում, որը Նիգերիայում է ապրում, բնականաբար, սկզբում բոլորը դեմ գնացին։ Ի՞նչ Նիգերիա․․․ Բայց ես վճռական ասացի`դա իմ ընտրությունն է»,- պատմում է Իռենան։Այդպես Հովիկն առաջին անգամ այցելեց Իռենային, երկրորդ անգամ արդեն, հայկական ավանդական ձևով՝ ընտանյոք եկան «աղջիկ ուզելու»։ Ծանոթությունից մոտ մեկուկես տարի անց ամուսնացան ու Իռենան Հովիկի հետ տեղափոխվեց Նիգերիայի մայրաքաղաք Աբուջա. մեկնելուց առաջ նաև մի շարք պատվաստումներ ստացան։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am