Լյարդն ամենակարևոր օրգաններից է, որի հետ կապված խնդիրներն ու հիվանդությունները որպես կանոն ասոցացվում են ալկոհոլի չարաշահման հետ: Սակայն իրականում մասնագետներն ընդգծում են, որ անգամ այս վնասակար մթերքից խուսափելու դեպքում կարող են զարգանալ լյարդի հիվանդություններ, քանի որ ալկոհոլը միակ մթերքը չէ, որ կարող է բացասաբար անդրադառնալ այս կենսական նշանակություն ունեցող օրգանի առողջության վրա:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 մթերք, որոնց գործածությունը կարող է դառնալ լյարդի հիվանդությունների զարգացման պատճառ:
Քաղցրավենիքի գործածություն
Անդադար քաղցրավենիք օգտագործելու սովորությունը խիստ բացասաբար է անդրադառնում լյարդի վրա: Ամերիկացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցրը չարաշահելու դեպքում կարող է զարգանալ ոչ միայն ճարպակալում, այլև լյարդի ճարպակալում: Ընդ որում՝ լյարդի ոչ ալկոհոլային հիվանդությունը համարվում է լյարդի ցիռոզի ու քաղցկեղի զարգացմանը նպաստող հիմնական գործոններից մեկը:
Վիտամինների գործածություն
Բժիշկների խոսքով՝ վիտամինները և հատկապես մուլտիվիտամինային հավելումները հարկավոր է ընդունել միայն մասնագետի նշանակմամբ, քանի որ դրանք նույնպես կարող են վնասակար լինել: Օրինակ՝ լյարդի համար շատ վնասակար է վիտամին A-ի չարաշահումը: Այս վիտամինի ավելցուկը կարող է հանգեցնել լյարդի չափերի մեծացման և անգամ ծանր հիվանդությունների զարգացման, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել:
Պարացետամոլի ընդունում
Պարացետամոլն ամենատարածված դեղամիջոցներից մեկն է, որը շատերը կիրառում են որպես ցավազրկող միջոց, սակայն բժիշկները նախազգուշացնում են, որ այն կարող է շատ վտանգավոր լինել և խիստ բացասաբար ազդեցություն ունենալ լյարդի վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս դեղամիջոցի գերդոզավորումը կարող է դառնալ լյարդի՝ տարբեր աստիճանի ինտենսիվության վնասվածքների պատճառ, ուստի դրանից խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել:
Մրգերի չարաշահում
Մրգերն առողջ սննդակարգի շատ կարևոր մասն են կազմում, սակայն դրանք պարունակում են մեծ քանակությամբ ֆրուկտոզա, որը կարող է վնասակար լինել լյարդի համար: Ֆրուկտոզան այն պարզ ածխաջրերից է, որոնք ինտենսիվ կերպով ազդում են լյարդում ճարպի կուտակման գործընթացի վրա: Այս տարրը հատկապես շատ է պարունակվում քաղցր մրգերում, որոնց շարքին են դասվում խաղողն ու բանանը: Սա է պատճառը, որ նման մրգերը հարկավոր է օգտագործել խիստ սահմանափակ քանակությամբ:
Էներգետիկ ըմպելիքների ու գազավորված քաղցր ըմպելիքների գործածություն
Էներգետիկ ըմպելիքները պարունակում են հսկայական քանակությամբ ֆրուկտոզա, իսկ այն, ինչպես արդեն նշվել է, խիստ վնասակար է լյարդի համար: Իրենց վնասակարությամբ այս ըմպելիքներին չեն զիջում նաև գազավորված քաղցր ըմպելիքները, որոնք հանգեցնում են քաշի ավելացման ու ճարպակալման: Վիճակագրական տվյալներով՝ նման ըմպելիքների սիրահարների մոտ շատ ավելի հաճախ են ախտորոշվում լյարդի ճարպակալում ու այս օրգանի հետ կապված այլ ախտաբանություններ, քան ավելի անվնաս ըմպելիքներ օգտագործողների մոտ:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru