Այն օրը, որ ես կսկսեմ իմ մոտեցումը ծախել, թող մարդիկ դեմքիս թքեն. Դ. Իոաննիսյան

Tert.am-ը գրում է.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ Ամուլսարի հանքը շահագործելու և չշահագործելու 2 որոշումն էլ վատն են, մի  դեպքում կան ռիսկեր տնտեսության համար, մյուս  դեպքում կան ռիսկեր բնապահպանության համար : Միաժամանակ Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ տեսնում է բազմաթիվ հայտարարություններ, որոնք մի քիչ աղավաղում են հարցի մոտեցումը: Թե ինչպես է, որ ինքը մշտապես հանդես է եկել բնապահպանական ճակատի աջակից, Թեղուտի, Ախթալայի հանքերի դեմ ժամանակին ակնհայտ հանդես էր գալիս  ընդդեմ, հիմա Ամուլսարին կողմ է, ինչո՞վ է պայմանավորված հիմա նրա տեսակետի  փոփոխությունը, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Եթե ես պետք է ծախվեի կառավարությունից ստացած գրանտի համար, ապա հազար ամոթ ինձ, ինչ ասեմ… այն օրը, որ ես կսկսեմ իմ մոտեցումը ծախել, թող մարդիկ իմ դեմքին թքեն»:

-Պարո՛ն Իոաննիսյան, Դուք, ըստ էության, Ձեր հրապարակային ելույթներում դեմ չեք արտահայտվել Ամուլսարի հանքի շահագործմանը, թեև ասել էիք, որ դեռևս չեք կարող ասել՝ հանքը պետք է շահագործվի, թե ոչ: Այսօր հանքի շահագործման դեմ հանրային բավական մեծ դիմադրություն կա: Նման ընթացքը Ձեզ ինչ է հուշում՝ հանքի շահագործումը պե՞տք է, թե՞ ոչ:  

-Ցանկացած հանք վնասակար է, սա պետք է ընդունել որպես աքսիոմ, և ինչպես ցանկացած հանքի, այնպես էլ Ամուլսարի հանքի պարագայում պետք է հասկանալ, որ որոշումն է ավելի վատը: Երկու որոշումն էլ շահագործելու և չշահագործելու վատն են, մի  դեպքում կան ռիսկեր տնտեսության համար, մյուս  դեպքում կան ռիսկեր բնապահպանության համար: Իմ գիտելիքները տնտեսությունից, շրջակա միջավայրից,  գեոլոգիայից ինձ հնարավորություն չեն տալիս եզրակացնելու, թե որի վնասն է ավելի մեծ, ես դեռ չեմ տեսել մանրամասն ուսումնասիրություն, որի հիման վրա կարող եմ դատել, որ ա՛յ, արբիտրաժի ռիսկերը մեծ չեն, իսկ բնապահպանական ռիսկերը մեծ են կամ հակառակը: Բայց մյուս կողմից՝ ես զուգահեռաբար տեսնում եմ բազմաթիվ հայտարարություններ, որոնք, ինձ համար պարզ է, որ մի քիչ աղավաղում են հարցի այս մոտեցումը: Սկսած այն հայտարարություններից, որ եթե հանքը վնասակար է բնությանը, ուրեմն պետք է փակվի… կներեք, ցանկացած հանք վնասակար է բնությանը, ուրեմն պետք է բոլոր հանքերն անհապաղ փակվեն: Ավտոբուսը, որը հիմա անցնում է փողոցով, վնասակար է  բնությանը, ուրեմն պե՞տք է արգելվի, սա սխալ մոտեցում է, և պետք է հաշվի առնել վնասների ու օգուտների բալանսավորումը:

Մյուսը  դիտարկումը վերաբերում է ուրանին, որ ուրանը ներկայացվում է որպես եսիմ ինչ: ՀՀ-ում կան 50-100 000 տ. ուրանի պաշարներ, իսկ Ամուլսարում տարբեր ուսումնասիրություններով մոտ 70 տոննա է ընդամենը: Այսինքն՝ Հայաստանում գտնվող  պաշարների 0,1  մասը: Իսկ եթե հանքաքարի մեջից հանում են  ոսկին կամ արծաթը, ուրանը մնում է մեջը, ուրանն այլ տեխնոլոգիայով է հանվում, բայց այնքան քիչ է  ուրանը, որ ինքը մնալու է  հանքաքարի մեջ, այսինքն՝ պոչամբարում էլ ուրան չի լինելու, և ըստ այդմ ոչ մի տեղ չի հոսելու և մի տեղ չի լցվելու և այլն: Ուրանը  շատ պասիվ տրոհվող ռադիոակտիվ տարր է, 1 կգ ուրանից 4,5 մլրդ տարում կեսը կտրոհվի և կճառագայթի, ուղղակի  ւրանի առանձնահատկությունն այն է, որ եթե կոնկրետ առանձնահատկությունների մեջ ես դնում, ինքը կարող է պայթել կամ շատ ուժեղ ջերմարձակել, ինչպիսն են ատոմային ռումբը կամ ատոմակայանը, բայց ուրանը նաև օգտագործվում է այլ նպատակներով, անգամ նկարիչների յուղաներկի հավելում է օգտագործվում, որպեսզի ներքին երանգներ հաղորդի և այլն:

-Այսինքն, երբ SOS նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը պնդում է, որ շատ կարևոր է ուրանի առկայության ստուգումը, որը կարող է  հանքի շահագործման դեպքում մեծ վնաս հասցնել, այդքան էլ այդպես չէ՞:  

-Այնտեղ կա 70-100 տոննա ուրան, դա բացարձակապես մեծ թիվ չէ, և այդ ուրանը մնալու է հանքաքարերի մեջ, այստեղ պետք է հետևյալը հաշվի առնել, որ նաև շատ է մանիպուլացվում,  որ այ Սովետի ժամանակ Ջերմուկի համար հանքը չբացեցին, իսկ հիմա Ջերմուկն անտեսում են: Եկեք ճիշտ հասկանանք, եթե խոսքը գնում է  ուրանի  բաղադրիչին, ապա Սովետի ժամանակ երբևիցե գործած ամենափոքր ուրանի հանքը 3500 տոննա ուրան է պարունակում, որ հիմա ՌԴ-ում է, այսինքն՝  50 անգամ ավելի շատ, քան Ամուլսարում առկա ուրանը: Ամուլսարում այնքան քիչ է ուրանը, որ անհեթեթ է քննարկել ուրանային հանքի տեսանկյունից, հիմա թե Սովետի ժամանակ կամ առհասարակ:

Ինչ վերաբերում է Ամուլսարի ոսկուն, շատ պարզ բացատրություն կա՝ ինչու Սովետի ժամանակ չի շահագործվել և հիմա շահագործվում է, բացատրությունն այն է, որ վերջին 40 տարում ոսկու գները տասնապատիկ աճել են, Ամուլսարում ոսկին շատ խիտ չէ, և 30-40 տարի առաջ այն գումարը, որ պետք էր ծախսել ոսկին հանելու համար, շահութաբեր չէր լինի ոսկու գնի համեմատ, հիմա ոսկու գինը տասնապատիկ աճել է, երբ ոսկու գրամը 4 դոլարի կարգի էր, հիմա 40-50 դոլարի կարգի է և դրա համար հիմա դարձել է ձեռնտու: Այդ բոլոր հիմնավորումները սովետական իշխանությունները գնահատում էին Ջերմուկը, ներկայիս և նախկին ՀՀ իշխանությունները անտեսում են Ջերմուկի ֆակտորը, դա անհեթեթ է, որովհետև հիմնական ֆակտորը, որ այստեղ դեր է ունեցել, ոսկու գնի տասնապատկումն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ