Աբրահամյանները կարծես փորձում են մարզում կրկին «թամբին լինել»

Սեպտեմբերի 29-ին Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն է անցկացվելու:

Analitik.am-ի տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, մտադրություն ունի մասնակցել ավագանու անդամների ընտրություններին:

Արտաշատի բնակիչներից մեկը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ առանձնապես դեմ չեն, որ Արգամ Աբրահամյանը լինի ավագանու կազմում: Նրա քաղաքապետ եղած ժամանակ Արտաշատում բավականին աշխատանքներ են արվել, իսկ այժմ քաղաքին ուշադրություն չեն դարձնում, որովհետև «զբաղված են քաղաքականությամբ»:

«Դրեց՝ կանցնի»,-ասաց նա:

Նշենք, որ կառավարության որոշմամբ, Արտաշատ համայնքի  ավագանու թվով 15 անդամները՝ օրենքով նախատեսված 15-ից, ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում:

Այս տարվա մայիսի 3-ի դրությամբ ավագանու անդամների թվաքանակը կազմում էր 12: Արտաշատ համայնքի ավագանու անդամներ Արթուր Գալստյանը, Արտակ Աշիկյանը, Կամո Խաչատրյանը, Արման Դերմոյանը, Հերմոն Ավետիսյանը մայիսի 3-ին հրաժարականի դիմումներ էին ներկայացրել, որով էլ պայմանավորված անհնար էր դարձել ավագանու նիստերի հետագա անցկացումը:

Խոսակցություններ կային, որ ավագանու անդամները և համայնքապետը հակասություններ ունեին և ավագանու անդամները չէին մասնակցում նիստերին:

Նշենք, որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 15 անդամից մնացել են 7-ը, որի դեպքում ավագանին իրավասու չէ որևէ ծրագիր հաստատելու:

Եվ ներկայումս Արտաշատում ընթացող ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվում են քաղաքապետարանի կողմից հատատվել է ոչ բավարար քանակով ավագանու անդամների ներկայությամբ, այսինքն՝ խախտումներով:

Չի բացառվում, որ Արգամ Աբրահամյանը, հետագայում նաև Արտաշատ քաղաքի ղեկավարի հավակնություններ ունենա. Աբրահամյանները կարծես փորձում են մարզում կրկին «թամբին լինել»: