«Իմ ֆիլմերի երաժշտությունը մեծամասամբ ես այստեղից եմ տարել, Շիրակից եմ տարել։ Փոքր թիվ են կազմում իմ ֆիլմերը, որոնք նկարահանված են այլ վայրերում, մեծամասամբ Գյումրիում են նկարվել, որտեղ գյումրվա կենցաղն է իր գեղեցկություններով, իր մարդկային հարաբերություններով։ Այս ամենը շատ սիրելի ու հարազատ է ինձ»,- այսպես է բնորոշել իր երաժշտությունը մաեստրո Տիգրան Մանսուրյանը, որի համար Գյումրին ունեցել է բեկումնային նշանակություն։
Մաեստրոն իր սրբության սրբոցն է համարում Գյումրին՝ մշտապես նշելով, որ այստեղ են անցել իր կյանքի լավագույն տարիները, իր հոգսերով ու ուրախություններով լեցուն առօրյան։ Տիգրան Մանսուրյանը հատկապես մեծ ակնածանքով է խոսում իր ուսուցիչների մասին, որոնք իր կյանքում բեկումնային դեր են խաղացել։
«Ես հատուկ զգացում ունեմ իմ ուսուցիչների հանդեպ, որոնք հիմա այլևս չկան՝ երաժշտական ուսումնարանի իմ տնօրեն Ֆելուշ Մկտչյանը և Ազատ Շիշյանը։ Չի եղել մի դեպք մինչ օրս, որ ես Գյումրի մտնեմ ու չայցելեմ իմ տնօրենի գերեզմանին ու ծաղիկներ չխոնարհեմ։ Նա միակ մարդն էր, որ հավատաց ինձ և 17 տարեկանում տարավ դեպի երաժշտության ճանապարհը»,- հիշում է հայ դասական երաժշտության վարպետը։
Տիգրան Մանսուրյանի մուտքը դեպի կինոերաժշտության աշխարհ եղել է 1969 թվականին՝ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի համար գրած երաժշտությամբ, որին հաջորդել են հայկական կինեմատոգրաֆիայի 100-ից ավելի ֆիլմերի սաունդթրեկները, որոնք սիրված ու հայտնի են եղել բոլոր ժամանակներում։
«Ես երբ երաժշտություն եմ գրել, հիմնվել եմ իրականության էդ շերտերի վրա, որ ապրել եմ Արթիկում, ապրել եմ Գյումրիում։ Էդ հերոսներին ես չեմ հնարել, դրանց իրականությունը, դրանց ճշմարտությունը ես չեմ հնարել, դա գոյություն ունեցել է, ես ուղղակի բերել եմ դրանք երաժշտության աշխարհ, դա է եղել իմ քայլը»,-անկեղծացել է մաեստրոն, որ նշում է, որ քանի դեռ հանդիսատեսը պահանջում է, ուրեմն շարունակելու է աշխատել ու երաժշտություն գրել։