Հայ լուսանկարչության բացառիկ նմուշները՝ նախագահի նստավայրի այգում

Հայ մեծանուն լուսանկարիչների հայտնի գործերի մասին բազմիցս ենք լսել, սակայն քչերն են տեսնելու առիթ ունեցել: Այսօրվանից, սակայն, այդ հնարավորությունն ունեն բոլոր հետաքրքրվողները: Հանրապետության նախագահի նստավայրում երեկ պաշտոնապես բացվեց «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագրով բացառիկ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են համաշխարհային լուսանկարչության հայ վարպետների գործերը: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է ցուցադրվող աշխատանքներն ու հյուրերին, ինչպես նաեւ զրուցել ցուցահանդեսի կազմակերպիչների հետ՝ պարզելու, թե որտեղից եւ ինչպես են ձեռք բերվել բացառիկ նմուշները:

  Նշենք, որ ցուցահանդեսն անցկացվում է Հայկական միջազգային առաջին ֆոտոփառատոնի շրջանակում, որի հիմնադիր Տաթեւ Մնացականյանը մեզ հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց միջոցառման կազմակերպման ընթացքից: Նրա խոսքով` ցուցադրվող բոլոր լուսանկարները տրամադրել է Անդրանիկ Քոչարի լուսանկարչական թանգարանը, իսկ ցուցահանդեսի հավաքածուի մշակման վրա աշխատել է անվանի լուսանկարչի որդին՝ Վահան Քոչարը:


«Այստեղ ներկայացված հեղինակները պատմություն են կերտել իրենց մեկ կադրով: Արա Գյուլեր, Յուսուֆ Քարշ, Իդա Քար եւ հայտնի այլ դեմքեր, որոնց պետք է ճանաչել ու գնահատել: Հատկանշական է նաեւ այն, որ նրանց աշխատանքները նախագահական հարկի տակ են ցուցադրվում, ինչը մեծ պատիվ է մեզ համար: Առաջարկն ինքս եմ արել, իսկ պարոն նախագահը` Արմեն Սարգսյանը, մեծ սիրով համաձայնել է: Իհարկե, ցուցահանդեսի մուտքն անվճար է եւ բաց է լինելու մինչեւ սեպտեմբերի 22-ը»,- նշեց Տաթեւ Մնացականյանը:


Մինչ հրավիրված հյուրերը շտապում էին անձամբ ծանոթանալ ու զրուցել Վահան Քոչարի հետ` իմանալու, թե ինչպես է հավաքել լուսանկարների այդ բացառիկ արխիվը, BRAVO.am-ը հասցրեց հետաքրքիր մանրամասներ իմանալ այդ մասին: Մեր զրույցում Վահան Քոչարը պատմեց, որ իր հայրը՝ Անդրանիկ Քոչարը, կենդանության օրոք միշտ ցանկացել է լուսանկարչության թանգարան հիմնել եւ ցուցադրել հայ լուսանկարիչների գործերը: Այդպես, տարիներ շարունակ հավաքել է 17 հեղինակի մոտ 65 աշխատանք, որոնց մեծ մասը հենց բնօրինակներ են: Թանգարան հիմնել, սակայն, նա այդպես էլ չի հասցրել, եւ որդին որոշել է իրականացնել հոր վաղեմի երազանքը:

«Այս տարի լրանում է հայրիկիս 100-ամյակը, եւ այդ առիթով մենք մեր տան առաջին հարկում՝ Ավետ Ավետիսյան 19 հասցեում, բացեցինք նրա անունով լուսանկարչական թանգարան եւ ցուցադրեցինք մեզ մոտ եղած բոլոր գործերը, ինչպես նաեւ լուսանկարչական բազմաթիվ իրեր: Այսօրվա ցուցահանդեսն էլ շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ գան, ծանոթանան ներկայացված գործերին ու իմանան, թե հայ ժողովուրդն ինչ մեծանուն վարպետներ է ունեցել եւ ինչպիսի ներդրում է ունեցել լուսանկարչության համաշխարհային պատմության մեջ»,- նկատեց Վահան Քոչարը:

Շուտով միջոցառմանը ներկայացավ նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ: Նրանք անձամբ ողջունեցին բոլոր հյուրերին եւ միայն ձեռքսեղմումներից հետո հանդես եկան բացման խոսքով: Նախագահը նույնպես կարեւորեց ցուցահանդեսի կազմակերպումը՝ հաշվի առնելով այն, թե ինչպիսի հայտնի ու բացառիկ աշխատանքներ են ներկայացված մեկ հարկի տակ: Արմեն Սարգսյանն իր խոսքում նկատեց, որ այսօր բոլորն էլ լուսանկարելու հնարավորություն ունեն, սակայն շատ քչերն են, որ կարողանում են արվեստի գործեր ստեղծել ու պատմություն կերտել:

«Այո, լուսանկարը նաեւ պատմություն է, եւ այսօրվա ցուցահանդեսը հենց դա է ապացուցում: Չէ՞ որ լուսանկարը հսկայական տեղեկատվություն է պարունակում փաստերի, մարդկանց ու ժամանակի մասին: Մենք կարող ենք հպարտ լինել, որովհետեւ հայ լուսանկարչությունն իսկապես հսկայական ավանդույթներ է ունեցել եւ ունի համաշխարհային լուսանկարչության ոլորտում»,- ընդգծեց նախագահը:

Իր խոսքից հետո էլ նա շարունակեց ողջունել հավաքված հյուրերին, որոնց թվում բարձրաստիճան պաշտոնյաներ էին, արվեստի ու մշակույթի ոլորտների հայտնի ներկայացուցիչներ: Նրանց կարող եք տեսնել BRAVO.am-ի ֆոտոշարքում, դե, իսկ բացօթյա ցուցահանդեսին ներկայացված գործերը ձեզ են սպասելու Հանրապետության նախագահի նստավայրի այգում մինչեւ սեպտեմբերի 22-ը:

bravo.am