13 տարեկան երեխան «պալոսկաներով» մաշկահան է արել կատվին

Խորհրդարանում քննարկում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ օրենքի նախագիծը, որը ներկայացրել են ԲՀԿ մի խումբ պատգամավորներ:

Օրենքի նախագիծը զեկուցեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով իր խոսքում դիմեց նաև «սիրելի կենդանիներին» և շնորհակալություն հայտնեց բոլոր պատգամավորներին, ովքեր նպաստել են օրենքի ստեղծմանը:

Զոհրաբյանի խոսքերով, օրենքը պետք է օր առաջ ընդունվեր, սակայն լավ է, որ կատարվել են բոլոր լրացումները, որոնք հիմա կան. «Ինձ համար պոտենցիալ մարդասպանի և կենդանուն դաժանորեն ծանակողի, նվաստացնողի, սպանողի միջև որևէ տարբերություն չկա»:

Գործող օրենքի համաձայն, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, Զոհրաբյանի խոսքերով, սահմանված են ծիծաղելի տույժեր, որոնք ըստ էության չեն էլ գործել: Զոհրաբյանը նշեց, որ կան երկրներ, որտեղ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանված է մինչև 50-100 հազար եվրո տուգանք և շատ ավելի երկար տարիների քրեական պատասխանատվություն:

ԲՀԿ-ն առաջարկում է կենդանու կյանքի ընդհատումը՝ խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, հրազենի կրակելու միջոցով, թունավորմամբ կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է կենդանու դաժան մահվանը, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտերի կազմակերպումը, ինչպես նաև կենդանիներին վնասող գիտական աշխատանքների կատարումը պատժել տուգանքով նվազագույնն աշխատավարձի 100-ապատկից մինչև 300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկման առավելագույնը 1 տարի ժամկետով: Իսկ եթե նույն արարքները կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձին դաժանությամբ, մանկահասակ երեխայի ներկայությամբ, երկու և ավելի կենդանիների նկատմամբ, տուգանքը կլինի նվազագույնն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով կամ ազատազրկման 1-3 տարի ժամկետով:

Օրենքում նաև հստակ նշվում է, թե որ կենդանիներն են համարվում տնային կենդանիներ:

«Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք բոլոր կետերն են նշվել օրենքում, քանի որ մարդկային ֆանտազիան անսահմանափակ է և հնարավոր է այլ ձևեր գտնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար. «Ավելի ճիշտ չէր լինի արդյո՞ք ընդհանուր սահմանում որոշել, որը կներառի դաժան վերաբերմունքի բոլոր դրսևորումները»:

Զոհրաբյանն ընդունեց, որ հարցը բարդ է, քանի որ սադիստների ֆանտազիան դժվար է կանխատեսել, դրա համար օրենքում նշվել է նաև «դաժան վերաբերմունք» եզրույթը:

Օրենքում առանձին մաս կա նաև մատաղի մասին:

Զոհրաբյանը հայտնեց, որ մի անգամ 13 տարեկան երեխայի ծնողն իրեն պատմել է, թե ինչպես է վերջինս քանոնով չափել կատվին և զուգահեռ «պալոսկաներով» մաշկահան արել:

analitik.am