Ապրիլյան պատերազմում անմահացած հերոսների ազգականները կմկրտվեն պատերազմի մասնակիցների «քավորությամբ». Ռուբեն Մխիթարյանը պատմել է գաղափարի առաջացման, մկրտության արարողության մանրամասների մասին

Սեպտեմբերի 15-ին` Խաչվերաց տոնի օրը, ժամը 13:00-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում կկայանա Ապրիլյան պատերազմում անմահացած հերոսների ազգականների ու հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը: Մկրտվողների կնքահայրերը լինելու են հենց ապրիլյան պատերազմի մասնակիցները:

Մկրտության գաղափարը եղել է «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» անդամներինը, իսկ  կազմակերպման հարցերով զբաղվելու պարտականությունն իր վրա է վերցրել «Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

«Ես և ապրիլյան պատերազմի մասնակից Շուլի Հակոբյանը համաքաղաքացիներ ենք, իրար շատ լավ ճանաչում ենք, ընկերություն ենք անում: Գյումրիում մի անգամ նա շատ հպանցիկ, ամաչելով (շատ համեստ մարդիկ են ապրիլյան պատերազմի մասնակիցները) ասաց, որ իրենք ընկերներով նման միտք ունեն՝ ուզում են իրենց զոհված երեխաների անունը կրող հարազատներին մկրտեն: Չէր ստացվել, մի քանի տեղում խոսել էին այս մասին, բայց ոչ մերժում էին ստացել, ոչ համաձայնություն: Անկեղծ ասած, ես այդ մտքից շատ ոգևորվեցի, ազդվեցի և միանգամից Շուլիին ասեցի՝ պետք չի այս կամ այն մարդկանց հետ խոսել, ես պատրաստ եմ ամբողջ կազմակերպչական աշխատանքը կատարել՝ սկսած ֆինանսների հայթհայթումից, մինչև բուն արարողությունը կազմակերպելը»,- Tert.am-ի հետ զրույցում պատմեց Ռուբեն Մխիթարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ