«Սա մեր ամենակարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկն է». փոփոխվում է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը

Այսօր կառավարության նիստում «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի շուրջ ակտիվ քննարկում ծավալվեց։

Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի նպատակով նախագծով առաջարկվում է հարուցված քրեական գործերով վերացնել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը և դրան զուգահեռ՝ դատական վերահսկողության շրջանակներում նախատեսել երաշխիքներ՝ քննիչը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ստանալու միջնորդություն կարող է ներկայացնել բացառապես դատախազի համաձայնությամբ և գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հաստատմամբ, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ստանալու քննիչի միջնորդության բավարարման դեպքում դատարանը պետք է կայացնի պատճառաբանված որոշում, որում պետք է գնահատի, թե արդյո՞ք քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանք պարզելու համար անհրաժեշտ է նշված տեղեկությունների բացահայտումը, Դատարանն այդ հանգամանքը պետք է գնահատի քննիչի կողմից ներկայացված ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալների հիման վրա, և այլն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարցը տարբեր ֆորմատներով շատ երկար քննարկվել է, առկա են եղել բազմաթիվ մտահոգություններ, բայց քաղաքական եզրակացությունն է՝ կամ պայքարում են կոռուպցիայի դեմ, կամ չեն պայքարում կոռուպցիայի դեմ.

«Կիսապայքարն ընդունելի չի։ Այս ընթացքում մենք ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ X բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան ապօրինի ձևով ձեռք բերված գույքը վաճառքի է հանել, այդ գույքը ֆորմալ ձևակերպված է ուրիշ մարդու անունով, այդ ուրիշ մարդու հետ կապված իրավական պրետենզիաներ չկան, գույքը վաճառվել է, և իմացել ենք, որ գումարը հանվելու է դուրս։ Այսինքն՝ ըստ էության, մեր ոչ թե աչքի առաջ, բայց մենք իմացել ենք, որ հիմա դա տեղի է ունենում, բայց օրենքի սահմանափակումներ են եղել, որ կամ պետք է շատ կոպիտ ապօրինի միջամտություն անեինք, որի բացատրությունը հետո իրավական առումով շատ դժվար կլիներ, կամ պետք է լուռ հետևեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում։ Մեր քաղաքական որոշումը շատ հստակ է և միանշանակ՝ մենք կոռուպցիայի դեմ կիսապայքար չենք անելու, և պետք է ստեղծենք ինստիտուցիոնալ այնպիսի մեխանիզմներ, որ ընդհանրապես կասկած չլինի ՀՀ ժողովրդի ու կառավարության այս առումով ունեցած մտադրությունների վերաբերյալ։ Ես կարծում եմ՝ սա մեր ամենակարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկն է»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցադրում արեց՝ ի՞նչ լուծում է տրվում, եթե վաճառքը կայացվում է կանխիկով, քանի որ կստացվի, որ կխրախուսվեն կանխիկով գործարքները։

«Պետավտոտեսչությունը կանգնացնում է այն ֆուռը, որով փողը տեղափոխվում է, և այդպես բացահայտվում է»,- ասաց Ն.Փաշինյանը՝ կատակելով, որ ՃՈ-ին պետք է հակակոռուպցիոն գործառույթ տալ։

«Կարծում եմ՝ նման ծայրահեղությունների պետք չի գնալ, կմնանք առանց փող»,- նկատեց Մ.Գրիգորյանը։

Ն.Փաշինյանի խոսքով՝ այսպես թե այնպես, գումարը պետք է բանկից դուրս գա, հակառակ դեպքում, եթե բազմոցում է պահված, դա ավելի հեշտ է խուզարկությամբ գտնել։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ փոխվարչապետի մտահոգություններն այս նախագծի հետ չեն առնչվում, կանխիկով գործարքներ միշտ էլ կարող էին անել։ Նրա խոսքով՝ խուզարկությունների համար կասկածյալ-մեղադրյալի սահմանափակում չկա։

Ըստ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի՝ բանկային գաղտնիքը շատ նուրբ թեմա է, բայց այս օրենքով որևէ խոչընդոտ չի ստեղծվում, և նախկինում էլ չի եղել բանկային գաղտնիք ստանալու խնդիր։ Ըստ նրա՝ հասարակությունը մտահոգվելու խնդիր չունի, քանի որ դատարանի որոշումը պետք է պատճառաբանված լինի, և պետք է հաստատվի գլխավոր դատախազի կամ տեղակալի կողմից։

ՄԻՊ Արման Թաթոյանի կարծիքով՝ նախագիծը երաշխիքների առումով ֆորմալ  ձևով բավարարում է չափանիշերին, սակայն պրակտիկան պետք է շատ զգույշ գնա, որովհետև բոլոր երկրներում զգուշացնում են, որ սա գայթակղիչ է իրավապահ մարմինների համար։ Ըստ նրա՝ եթե գաղտնալսվում են Ա-ի հեռախոսային խոսակցությունները, մեխանիկորեն լսվում են նաև նրանք, ում հետ Ա-ն խոսում է, բայց եթե դրանցից Բ-ն սկսում է հետաքրքրություն ներկայացնել, ապա նրան գաղտնալսելու համար կրկին պետք է դատարանի սանկցիա։

ՔԿ պետ Հայկ Գրիգորյանը ներկայացրեց իրենց մոտ եղած դեպքերից մեկը, որ մի հիմնադրամի ղեկավար գումարները փոխանցել էր կնոջը, դստերը, մորը, և չէին կարողանում նրանց հաշվեհամարները ստուգել, ինչի պատճառով նախաքննությունը 6-7 ամիս ձգձգվեց, ի վերջո, այդ անձանցից մեկը ներգրավվեց՝ որպես կասկածյալ, և նոր ստացան բանկային գաղտնիք պարունակող տվյալները, որը նոր հիմք հանդիսացավ փողերի լվացման համար բավարար ապացույցներ ձեռք բերելու և դատարան ուղարկելու համար. «Այստեղ ոչ մի անձի իրավունքների խոչընդոտման պրոցես չկա։ Մենք այսօր էլ, երբ կասկածյալի, մեղադրյալի նկատմամբ ստանում ենք այդ տվյալները, մենք բոլոր հաշվեհամարները ստանում ենք, ընդամենն այլ անձանց կարգավիճակն է»։

«Էդ լավ ասեցիք, պարոն Գրիգորյան, որովհետև էս օրենքն ընդունելուց հետո էլ կոռուպցիոն գործերի քննության հետաձգման լեգիտիմ պատճառ չեք ունենա։ Եկեք շուտ-շուտ ընդունենք, էլի»,- ասաց Ն.Փաշինյանը։

Մ.Գրիգորյանը պնդեց, որ գաղտնալսումը շատ բարդ իրավական գործընթաց պետք է լինի, և եթե լսում են, որ որևէ մեկը որևէ մեկի հետ ինչ-որ բան է խոսում, ու մյուս կողմը հետաքրքիր է դառնում, պետք է գնան դատարանից թույլտվություն ստանան այդ կողմին գաղտնալսելու համար, հակառակ դեպքում՝ բոլոր գործերը կգնան ՄԻԵԴ, ու ՀՀ-ն կպարտվի։

«Ձեր ասածը մի երկրում, որտեղ վարչապետի և ԱԱԾ տնօրենի խոսակցությունը գաղտնալսում են, շատ փիլիսոփայական է հնչում, պարոն Գրիգորյան»,- նկատեց Ն.Փաշինյանը։

168.am