Այսօր` սեպտեմբերի 12-ին, խորհրդարանն առաջին ընթերցման ժամանակ հավանության չարժանացրեց հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» նախագծին: Նախագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 62: «Իմ քայլը» խմբակցության մեծ մասը ձեռնպահ քվեարկեց:
Նախագծով «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին և հաշմանդամի կարգավիճակ ունեցող երեխաներին հնարավորություն տալ պետական բուհական հաստատություններում, ինչպես նաև միջին մասնագիտական կրթօջախներում սովորել անվճար հիմունքներով, ինչպես 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներն են:
Կառավարությունը, սակայն նպատակահարմար չի գտնում տվյալ նախագծի ընդունումը: Ինչպես երեկ հայտարարեց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի հարցերով նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, կառավարությունում հասկանում են նախագծի նպատակը. «Երեխաները, ովքեր մանկուց ունեն հաշմանդամություն, այսպես թե այնպես անվճար են սովորում: Բացի դրանից, մեզ համար կարևոր է, որ պետական քաղաքականությունն իրականացվելիս հիմքում լինի հաշմանդամության սոցիալական մոդելը, որն ուղղված է հավասար պայմանների ստեղծմամբ և հավասար հնարավորությունների միջոցով բոլոր քաղաքացիներին հնարավորություն տալու մասնակցելու հասարական կյանքի բոլոր ոլորտներում»: