Խորհրդարանում այսօր ներկայացվեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցը: ՀՀ արդադարատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը նշեց՝ այս նախագծով օտարերկրացիների արտաքսում կկատարվի այն դեպքերում, երբ օտարերկրացին կկատարի քրեորեն հետապնդելի արարք կամ կդատապարտվի ազատազրկման:
Փոխնախարարն ասաց, որ նաև արգելվում է մուտքի վիզայի տրամադրումը, նաև ժամկետի երկարացում, եթե տվյալ անձի նկատմամբ ուժի մեջ է մտել օրինական դատավճիռ, նա դատապարտվել է ազատազրկման՝ հանցագործություն կատարելու համար:
Գրիգորյանը նշեց՝ միջին ծանրության հանցագործությունների դեպքում արտաքսված անձի մուտքը Հայաստան արգելվում է 3 տարով, ծանրի դեպքում՝ 5, իսկ առանձնապես ծանրի դեպքում՝ 8 տարով: Նա առանձնացրեց նաև բացառությունները, որ նախատեսված են արտաքսման որոշում կայացնելիս: Մեկը կապված է ընտանեկան հարաբերությունների հետ: Այն դեպքերում, երբ օտարերկրացին Հայաստանում մշտապես բնակվող մերձավոր հարազատներ ունի՝ ամուսին, զավակ, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ, և առաջարկ է եղել, որ նրանց դեպքում բացառություն լինի: Մեկ այլ առաջարկով բացառություններին ավելացել է այն դեպքը, երբ օտարերկրացու նկատմամբ ՀՀ-ում հայտարարված է հետախուզում:
Փոխնախարարը հայտնեց՝ արտաքսման որոշումն ի կատար է ածվում այն բանից հետո, երբ օտարերկրացին ՀՀ-ում պատիժը կրում և ավարտում է: Իսկ եթե պայմանագրերի հիմքով կփոխանցվի իր ծագման կամ քաղաքացիության երկիր, այդ փոխանցմամբ ի կատար ածված կլինի արտաքսումը: