Երեւանի ավագանին այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի իր նիստում որոշում Է կայացրե՝ ավելացնել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստատվել Է նոր հաստիքացուցակը:
Հարցը ներկայացրել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
«Հաշվի առնելով, որ «Սանիթեք» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն Երևան քաղաքի ամբողջ վարչական տարածքում ընդհանրապես չեն կատարում ծառայությունների մատուցման իրենց պայմանագրային պարտավորությունները՝ Երևան քաղաքի տասներկու վարչական շրջաններում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններն իրականացվելու են հիմնարկի միջոցով:
Նկատի ունենալով, որ Հիմնարկի կողմից ծառայությունների իրականացման ծավալն ընդգրկում է Երևան քաղաքի ամբողջ վարչական տարածքը, ինչպես նաև` մայրաքաղաքում ձմռան ամիսներին ձյան մաքրման, փողոցների մշակման և ձյան տեղափոխման աշխատանքների իրականացման հանգամանքը, անհրաժեշտություն է առաջացել Երևանի քաղաքապետի կողմից սեփական պարտադիր լիազորության իրականացումն ապահովելու նպատակով ընդունել ներկայացված որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է մեծացնել հիմնարկի հաստիքացուցակը, այդ թվում՝ բանվորներ, հավաքարարներ, վարորդներ, որոնք կապահովեն ողջ տեխնիկայի աշխատանքի ծավալի շահագործումը: Ընդհանուր հաստիքացուցակը կազմում է 647 միավոր, իսկ ամսական բյուջեն՝ շուրջ 161 մլն դրամ»:
Փոխքաղաքապետը նշել է, որ ընդհանուր առմամբ Երևանի բյուջեով ոլորտին տրվող միջոցները չեն գերազանցելու այն գումարները, որոնք նախորդ տարիների բյուջեով նախատեսվում էր «Սանիթեք»-ին վճարելու համար: Դրա առավելագույն չափը շուրջ 5․2 մլրդ դրամ է:
«Մենք նույն գումարի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել անգամներով ավելի լավ ծառայություն»:
Հարցին, թե արդյոք հիմնարկի 150 հավաքարարները կկարողանան մաքրել ողջ Երևանը, Հայկ Սարգսյանը պատասխանել է, որ 150 հավաքարարները հիմնականում իրականացնելու են բակային տարածքների մաքրում, ինչը «Սանիթեքի» դեպքում երբեք տեղի չի ունեցել.
«Իսկ փողոցների մարքումը կկատարվի փոշեկուլ մեքենաներով, որոնց աշխատանքի արդյունավետությունը 15 անգամ գերազանցում է հավաքարարի աշխատանքի արագությանը»:
Ի դեպ, Հայկ Սարգսյանը հավելել է, որ «Սանիթեքի» հետ որևէ համագործակցություն այս պահին չկա, բանակցությունները դադարեցված են: