«Երբ ասում են՝ ժողովուրդն է իշխանությունը, ուրեմն՝ ժողովրդին պետք է հաշվի առնել». Գագիկ Ծառուկյան

«Պետք է ժողովրդին լսել, ժողովրդի համաձայնությունը կլինի՝ կբացեն, չի լինի՝ թող չբացեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ամուլսարի հարցին, այդ մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Եթե ժողովուրդն այնտեղ ապրում է, ապրելու է, ո՞նց կարելի է ժողովրդին հաշվի չառնել: Այսօր իշխանությունը ժողովուրդն է, ժողովուրդն է որոշելու: Ժողովրդին հարկավոր է ներկայացնել, ասել, երբ կլինի համաձայնությունը, այն ժամանակ էլ թող բացեն»,- ասաց Ծառուկյանը՝ ընդգծելով՝ երբ ասում են՝ ժողովուրդն է իշխանությունը, ուրեմն՝ ժողովրդին պետք է հաշվի առնել:

Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե հաշվի չառնեն ժողովրդի կարծիքն ու Ամուլսարը շահագործվի, նա պատասխանեց. «Լավ բան չի լինի, մեր ժողովրդին ո՞նց կարող ենք հաշվի չառնել: Էսօր իշխանությունը կանգնած է լուրջ փաստի առաջ, որ ինքը, իհարկե, չի ուզում և՛ այնտեղ, և՛ ժողովրդին, դրա համար պետք է լիարժեք ուսումնասիրություն կատարվի, լսեն ժողովրդին: Մեր պատգամավորները, որոնք ընտրված են ժողովրդի կողմից, ժողովրդի կողքը պետք է լինեն ժողովրդին պաշտպանելու համար: Մնացածը պետք է ներկայացվի ժողովրդին, բացատրվի, ժողովուրդը հասկանա՝ դա վտանգ է, վտանգ չէ, նրանք ապրելու են այնտեղ, իրենց երեխաները»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ պատրա՞ստ եք ձեր հանքերը փակել՝ հանուն Հայաստանի, նա պատասխանեց.

«Դրանում երբեք չկասկածեք: Մենք ունենք երկու հանքարդյունաբերություն, եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի, մենք ժողովրդի հետ մեր հարցերը չկարգավորենք, դրանում ոչ ոք երբեք թող չկասկածի, որ չի աշխատի»:

168.am