Եթե սեպտեմբերին «Լիդիանը» նորից հասանելիություն ստանա դեպի Ամուլսարի հանքը, պլանավորում են մտնել ու ուսումնասիրել տարածքը, տեսնեն, թե ինչ է տեղի ունեցել: Իրենց գնահատմամբ, ամենաշուտը շինարարական աշխատանքները կսկսեն ապրիլ-մայիսին, մի քանի ամիս շինարարական աշխատանքները կտևեն, իսկ բուն հանքի շահագործումը կարող է սկսել ամենաշուտը 2020 թվականի չորրորդ եռամսյակում, բայց ամենահավանական ժամկետը 2021 թվականի առաջին եռամսյակն է: Նարնք ասացին, որ զուտ հողային աշխատանքներ տեղում հնարավոր են, բայց ոչ մեծ ծավալի: Սա ընդգծում եմ ասելու համար՝ ենթադրենք, եթե այսօր ճանապարհները բացվեն, շինարարությունն առնվազն մինչև 2020 թվականի ապրիլ ամիս չի սկսելու, բայց ճանապարհի փակ լինելը հենց այսօր միջազգային տնտեսական իմիջի տեսանկյունից Հայաստանի համար լրջագույն պրոբլեմ է ստեղծում: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով Ջերմուկի բնակիչներին բացել ճանապարհները, քանի որ դրա անհրաժեշտությունը կա. «Մենք հնարավորություն ունենք բոլոր հարցերի պատասխանները հանդարտ ստանալու համար: Ի դեմս կառավարութունում կա թափանցիկ աշխատող մարմին: Այստեղ մենք ու դուք չկա»:
Փաշինյանի խոսքերով, եթե պարզվի, որ հանքի շահագործումը 100 տոկոսով անվտանգ է, ինքը՝ որպես վարչապետ չի կարող դիրքորոշում ունենալ, որ հանքը պետք է չշահագործվի ու վերջ.«Դա կնշանակի, որ մենք Հայաստան պետության որպես պետության կարգավիճակը ոտքի տակ ենք գցում»:
Վարչապետը հայտարարեց, որ կայանալիք մոնիթորինգի ընթացքում ընդգրկվելու են բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում նաև Ջերմուկի բնակիչները. «Լիդիանը համաձայն է, որ մոնիթորինգի սարքերի կնքումների պրոցեսի մեջ ներգրավվեն բոլոր կողմերը»:
«Կարճ ասած, եթե հանքի շահագործման անվտանգության բավարար երաշխիքներ չկան, ՀՀ օրենսդրության կարգով ժամանակ ենք տալիս թերությունները շտկելու համար, եթե չի շտկվում, փակվում է: Կա երկրորդ տարբերակը` պարզվում է, որ թերությունները հնարավոր չէ շտկել առանց նախագծային փոփոխությունների, այս դեպքում լինելու է նոր ՇՄԱԳ»։