««ՍանիՏեքի» հետ մեզնից ոչ ոք չունի պայմանագիր. Ձեզ ընտրել ենք՝ Դուք եք պատասխանատու». Ռուբեն Բաբայանը՝ քաղաքապետին

Վերջին շրջանում մայրաքաղաք Երևանում լուրջ խնդիր է դարձել աղբահանության հարցը: «ՍանիՏեքը» մեղադրում է Երևանի քաղաքապետարանին, իսկ քաղաքապետարանը՝ «ՍանիՏեքին», և արդյունքում՝ տուժում են մեր համաքաղաքացիները:

168.am-ը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի այս խնդրի վերաբերյալ, ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար:

«Ինձ համար այդ հարցը շատ պարզ է, որովհետև ես փոքր հիմնարկի ղեկավար եմ, և այս հիմնարկը կարող է ունենալ բազմաթիվ խնդիրներ, պատասխանատուն ես եմ: Մենք քաղաքային բյուջե վճարում ենք աղբահանության համար, վերջ, ուրեմն՝ պահանջելու ենք քաղաքապետարանից:

«ՍանիՏեքի» հետ մեզնից ոչ ոք չունի պայմանագիր: Այդ պայմանագիրը նախկին իշխանությունն է կնքել, նոր իշխանությունն է շարունակում, թե ապագա իշխանությունը կշարունակի, իրենց խնդիրն է, ինձ այդ բացատրությունները չեն հետաքրքրում: Ձեզ ընտրել ենք՝ դուք եք պատասխանատու: Մենք մեր գործն անում ենք՝ վճարում ենք աղբի համար, ուրեմն՝ մենք իրավունք ունենք առանց որևէ բացատրությունների՝ պահանջել, որ այս քաղաքը լինի մաքուր»,- ընդգծեց Ռուբեն Բաբայանը:

Միևնույն ժամանակ, Ռուբեն Բաբայանն ընդգծեց՝ հասարակությունն էլ մեղքի իր բաժինն ունի.

«Պետք է արձանագրել, որ խոզավարի ենք ապրում: Եթե մենք մեր հույսը դնում ենք միայն քաղաքապետարանի կամ «ՍանիՏեքի» վրա, դա շատ քիչ է, մենք ինքներս պետք է չաղտոտենք մեր երկիրը: Դուրս եկեք և տեսեք՝ ինչ է կատարվում. ես երեկ անցնում էի Հանրապետության հրապարակով.  ծխախոտի կույտեր էին, բոլորը ծխում ու ծխախոտի մնացորդները գցում էին հենց աղբամանի կողքը: Ես մեքենա եմ վարում, և ամեն երկրորդ մեքենայից ծխախոտի մնացորդ է թռչում դուրս: Ուրեմն՝ պահանջելուց առաջ ներսիդ խոզությունից պետք է ազատվես: Եթե դու ներքուստ խոզ ես ու քեզ պահում ես խոզավարի, դու ստանում ես այդ տեսակի քաղաք, չբողոքես: Սա չի նշանակում, որ քաղաքապետարանը չպետք է անի իր գործը, բայց մենք պետք է սովորենք մաքուր ապրել: Ֆիզիկական մաքրությունը ներքին դաստիարակության, արժեհամակարգի, քաղաքակրթության հարց է. մեկը մյուսի հետ կապված են: Չի կարելի հայհոյել, կեղտոտել և պահանջել, որ քո 4 կողմը լինի սանիտարական վիճակ. չի լինի, որովհետև դու խոզ ես»:

Ռուբեն Բաբայանը նշեց, որ Ֆրանսիայում ականատես է եղել, թե ինչպես է մեր քաղաքացիներից մեկն աղտոտում տեղանքը ու ասում՝ ֆրանսիացիները թող մաքրեն. «Մեր քաղաքացիներից մեկն իմ ներկայությամբ կեղտոտեց փողոցը և ասաց՝ այսպես ենք մենք ապրում՝ հայը կկեղտոտի, ֆրանսիացին կգա, կմաքրի: Մենք տանը ծխախոտը չենք գցում հատակին, չէ՞. ինչո՞ւ ենք այստեղ գցում, որովհետև չենք համարում, որ սա մեր տունն է»: