Հայաստանի նախկին նախագահը, ամենայն հավանականությամբ, կազատվի կալանքից՝ արդեն երրորդ անգամ

Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակեց իր վճիռը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայցով, որոնք վիճարկում էին երկրի Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) որոշ հոդվածների համապատասխանությունը հիմնական օրենքին։ Քոչարյանի պաշտպանությունը հասավ իր նպատակին՝ ՔԴՕ 35-րդ հոդվածը, որտեղ նկարագրված են «քրեական հետապնդումը բացառող հանգամանքները», պարզվեց հակասահմանադրական է և այժմ պետք է փոփոխվի։ Այսպիսով, Հայաստանի նախկին նախագահը, ամենայն հավանականությամբ, կազատվի կալանքից՝ արդեն երրորդ անգամ, գրում է «Կոմերսանտը», փոխանցում է News.am-ը:

«Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չորեքշաբթի հրապարակեց Քոչարյանի փաստաբանների ներկայացրած հայցով դատավճիռը։ Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է 2008թ․ իր գործողություններով «իշխանությունը բռնազավթելու» մեջ, երբ, մեղադրող կողմի վարկածով, զորք էր օգտագործել խաղաղ ցուցարարների դեմ։ Այն ժամանակվա իրադարձությունների մասնակիցներից մեկն էլ ընդդիմության կողմից եղել է ներկայի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 2018թ․ հուլիսի վերջին նախկին նախագահին մեղադրանքներ էին առաջադրվել, և այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանին հասցրել են երեք անգամ կալանավորել և երկու անգամ ազատել կալանքից։ Ելնելով ՍԴ որոշումից՝ նրան կարող են կրկին ազատել։

Ինչպես հայտարարեց Հրայր Թովմասյանը, ՔԴՕ 35-րդ հոդվածը («Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները»), ճանաչվել է Սահմանադրությանը չհամապատասխանող։

ՍԴ-ում այդ կարծիքը առաջացրել է այն հանգամանքը, որ 35-րդ հոդվածը չի նախատեսում պաշտոնատար անձանց անձեռնմխելիությունը, թեև հիմնական օրենքը դա նախատեսում է։

«Երկրորդ նախագահը սուբյեկտ է, որը ունի ֆունկցիոնալ անձեռնմխելիություն,- պարզաբանեց փաստաբան Արամ Վարդևանյանը, որը ներկայացնում է պարոն Քոչարյանի շահերը,- իսկ ելնելով դրանից, որ մենք այսպիսի վակուում ունենք օրենսդրության մեջ, երկրորդ նախագահի ազատության սահմանափակումը հակասում է սահմանդրության պահանջներին, մասնավորապես՝ անձնական ազատության իրավունքին»։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վիճարկում էին ևս մեկ հոդված՝ 135-րդը («Կանխարգելիչ միջոցառումների կիրառման հիմքերը»), սակայն այն դատարանը թողեց ուժի մեջ։ Թեկուզ, այն քիչ ազդեցություն կունենար իրավիճակի վրա։ Արամ Վարդևանյանի խոսքերով, 35-րդ հոդվածը վերաբերում է «ընդհանուր դրույթին», իսկ 135-ը՝ «հատուկ», որը ենթարկվում է ընդհանուրին։ «Այսինքն, եթե 35-րդ հոդվածով հարցը փակվում է, 135-րդը արդեն նշանակություն չունի,- հավելեց փաստաբանը, – քանի որ երբ կիրառվում է 135-րդ հոդվածը, ընթացքում պետք է դիտարկվեն 35-ի բոլոր դրույթները»։

Այն հարցին, թե նշանակում է արդյոք դա, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոփոխվի և նա կազատվի, Արամ Վարդևանյանը պատասխանեց, որ դրա մասին միանշանակորեն կարելի է խոսել միայն վճռի հրապարակումից հետո, որը տեղի կունենա 3 օրվա ընթացքում։

Երկու օրերին, որոնց ընթացքում ՍԴ-ն քննում էր գործը, դատարանի շենքի մոտ տեղի էին ունենում նախկին նախագահի կողմնակիցների և հակառակորդների ակցիաներ։ Առաջինները ողջունում էին դատարանի որոշումը ուրախ բացականչություններով, իսկ երկրորդները, վրդովմունք արտահայտելով, երթով գնացին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ։

Ամեն ինչ անցավ առանց հակասությունների նաև ՍԴ-ի ներսում։ Այսպես, Հրայր Թովմասյանի խոսքերով, երկու դատավորներ՝ Արման Դիլանյանը և Ֆելիքս Թոխյանը, վճռի հանդեպ հատուկ կարծիք ունեն։ Բացի այդ, ավելի վաղ ՍԴ ևս մեկ դատավոր՝ Վահե Գրիգորյանը, միջնորդություն էր ներկայացրել գործի քննությանը նախագահ Հրայր Թովմասյանի և երկու այլ դատավորների մասնակցության անհնարինության մասին։ Պարոն Գրիգորյանը պնդել է, որ այդ մարդիկ «այս կամ այն կերպ մասնակցել են 2008թ․ մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված որոշումների կայացմանը» և չեն կարող անաչառ լինել այս հարցում։ Ի դեպ, կողմնակալ հետագայում ճանաչեցին հենց Վահե Գրգորյանին, որը հուլիսի 27-ին հեռացվել էր նախկին նախագահի գործի քննությունից»,-գրում է լրատվամիջոցը:

Analitik.am