Զոհված ամեն ընկերոջ շիրիմի առաջ երդվել ենք պաշտպանել հողը. Սերժ Սարգսյանը`Բակո Սահակյանին

Բակո Սահակյանի ծննդյան օրն է, ինչի առթիվ նրան շնորհավորել է Սերժ Սարգսյանը։

Մեծագույն պատասխանատվությամբ, երկրի ղեկավարին բնորոշ լայնախոհությամբ, սթափ մտածողությամբ և հավասարակշիռ մոտեցումներով տարիներ շարունակ Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր ջանքերն է դրել հանուն Արցախի: Այս մասին Սահակյանի ծննդյան օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ձեր կյանքի լավագույն տարիները անմնացորդ ծառայություն են Հայրենիքին և հայ ժողովրդին, արժանի` խորին հարգանքի և գնահատանքի: Լինելով Արցախյան շարժման առաջամարտիկներից` Դուք ազատամարտի առաջին իսկ օրերից Ձեր անուրանալի ներդրումն եք ունեցել Արցախի սրբազան հողի ազատագրման, պաշտպանության, ապա նաև կանոնավոր բանակի ձևավորման, Արցախի կայացման և արցախցիների անվտանգության ու բարօրության ապահովման գործում»,–նշված է Սարգսյանի ուղերձում:Սարգսյանի խոսքով` Բակո Սահակյանն այսօր էլ նույնպիսի պատվախնդրությամբ շարունակում է իր առաքելությունը` կարևորելով մեր ժողովրդի միասնականությունը, Արցախի հիմնախնդրի խաղաղ և արժանապատիվ լուծումը, Արցախի զարգացումն ու անցնցում ընթացքը դեպի ապահով հանգրվան:«Մենք երդվել ենք հերոսամարտում զոհված մեր ամեն ընկերոջ շիրիմի առջև` պաշտպանել հայոց հողը և շենացնել այն, չընկրկել փորձությունների ու դժվարությունների առջև: Հարատև խաղաղության հասնելու և զարգացած ու հզոր Արցախ ունենալու ճանապարհը անխոչընդոտ և դյուրին չէ, սակայն ինչպես մինչ այսօր, այսուհետ ևս վստա՛հ եմ Ձեր նվիրվածությանը հայրենի հողին և ժողովրդին»,–ասում է Սարգսյանը:

Ծննդյան օրվա առթիվ Սերժ Սարգսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել նախագահ Բակո Սահակյանի հետ` շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել Արցախի նախագահին:Հիշեցնենք, որ Բակո Սահակյանն այսօր դառնում է 59 տարեկան։

Աղբյուրը armeniasputnik.am