Փաստաբանների պալատում նախատեսված է նոր հաստիքների ավելացում, որպեսզի կարողանան աշխատել շահառուների ավելացած քանակի հետ։
Սեպտեմբերին Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի կենսաթոշակառուներին անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու հնարավորություն տրամադրելու հարցը։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԱԺ պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը։
Նախագիծը դեռևս տեղադրված չէ e-draft նախագծերի հրապարակման հարթակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Բաղդասարյանը նշեց, որ այս պահին երկրում չէ և չի կարող շատ մանրամասներ ներկայացնել։ Այնուամենայնիվ, նախագծի մասին հայտնի է, որ առաջարկվում է ՀՀ փաստաբանների պալատին ներառել ՝ որպես կենսաթոշակառուներին իրավաբանական խորհրդատվություն տրամադրող մարմին։Փաստաբանների պալատը անկախ, ինքնակառավարելի կառույց է, որի կազմում գործում է հանրային պաշտպանի սենյակը, որն էլ իր հերթին անվճար, այսինքն՝ պետական բյուջեից ֆինանսավորվող իրավաբանական ծառայություններ է մատուցում։
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ Փաստաբանների պալատում նախատեսված է նոր հաստիքների ավելացում, որպեսզի կարողանան աշխատել շահառուների ավելացած քանակի հետ։
Աղբյուրը armeniasputnik.am