ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութ-սրահից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։Նախնական տվյալներով՝ 2019թ. հուլիսի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ փողոցում գործող խանութ-սրահում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է նշված խանութի մենեջերին պատկանող «Սամսունգ Գալաքսի Ա70» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով գույքային վնաս:Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:Նախաքննության ընթացքում ստացվել է խանութ-սրահի տեսանկարահանող սարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: