Երևանի Շենգավիթ վարչական տարածքում երեկ կեսօրից հետո հնչած կրակոցների հետևանքով մահացածի ինքնությունը պարզվել է, դեպքի առթիվ հարուցված քրգործով մեկ անձ է ձերբակալվել։
Արդեն հայտնել էինք, որ երեկ Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով մեկ մարդ էր մահացել։ «Երեկ հնչած կրակոցների հետևանքով մահացածը 43-ամյա Համբարձում Առաքելյանն է։ Բացի այդ, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ.-ին: Վերջինս ձերբակալվել է»,–ասաց նա։ Կրակոցների հետևանքով մահացած Համբարձում Առաքելյանը թաղային հեղինակություն է։ Հարությունյանը հայտնեց նաև, որ երեկ տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ են պարզվել։ Մասնավորապես, օգոստոսի 25-ին՝ ժամը 18:50-ին «Էրեբունի» ԲԿ–ից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ ԲԿ է տեղափոխվել Երևանի երկու բնակիչ՝ ծնված 1976 և 1960թթ։ 1976թ.–ին ծնվածն ունեցել է որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք և մահացել է։ Իսկ 1960թ.–ին ծնվածն ունեցել է որովայնի, ձախ ազդրի, աջ ազդոսկրի հրազենային վիրավորում, ինչպես նաև աջ ազդրոսկր բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 8 հատ պարկուճ, 1 հատ 7.62մմ տրամաչափի կրակված պարկուճ, 1 հատ թմբուկավոր ատրճանակ՝ առանց գործարանային համարի, 1 թմբուկավոր ատրճանակի կրակված պարկուճ, «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 2 գնդակ, 2 ծալովի, գաղտնի փականով դանակ:
Առգրավվել են նաև դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (սպանությունը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի որոշմամբ կազմվել է քննչական խումբ: Քրեական գործով կատարվել են մի շարք քննչական գործողություններ:
Աղբյուրը sputnikaarmenia.am