Մանվել Գրիգորյանի հարցով խոսել եմ Փաշինյանի հետ, ինձ ասաց՝ գեներա՛լ ջան, եթե տեսնենք, որ իրոք վատ է, փորձենք այդ հարցին ուրիշ ձևով լուծում տալ. Սեյրան Սարոյան (տեսանյութ)

Գեներալ-մայոր, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը ասուլիս է հրավիրել մամուլի այն հրապարակումների վերաբերյալ, թե իր տուն ոստիկանությունն է այցելել, ու ինքը տնից փախել է: «Չկա նման բան»-, ասաց Սարոյանը՝ նշելով, որ գեներալներին պախարակում են:

Հարցին, թե գեներալներին պախարակել ասելով ում նկատի ունի, Սեյրան Սարոյանն ասաց. «Ում չէ, մեկին ցույց տվեք, ում անունը կկարողանաք հանել ցանկից: Մեկի անունը տուր, գովենք»:

Հարցին, թե Մանվել Գրիգորյանի նկատմամբ իր վերաբերմունքում փոփոխություն կա՞, Սեյրան Սարոյանն ասաց, որ դատարանում է գործը, կտեսնեն, թե ինչ կլինի: «Այն ժամանակ սաղս շոկի մեջ էինք, հիմա դուրս ենք եկել շոկից, որովհետև հետո կպարզվի, թե էդ դրանք որտեղից են հայտնվել այդտեղ: Դատարանը կորոշի սաղ»,-ասաց Սարոյանը:

հարցին, թե, Նիկոլ Փաշինյանի հետ երբևէ զրուցել է Մանվել Գրիգորյանի թեմայով, և ինչ է ասել նրան Փաշինյանը, Սեյրան Սարոյանն ասաց. «Այո, խոսել եմ: Խոսել եմ, որպեսզի էդ մարդը հանկարծ բերդում չմեռնի, լինենք խայտառակ: Ես էդ եմ ասում: Ասենք,որ Մանվելը գնաց իրենց տուն, բերդում չեղավ, ո՞ւր պիտի փախչի Մանվելը: Փաշինյանն ասաց՝ գեներա՛լ ջան, կա քննություն, մարդիկ, բժշկություն, եթե տեսնենք, որ իրոք վատ է, հիվանդ է, լավ չի, փորձենք այդ հարցին ուրիշ ձևով լուծում տալ»:

Դիտարկմանը, թե Սարոյանն ասում է, թե Մանվել Գրիգորյանն ո՞ւր պիտի փախչի, բայց իր որդին՝ Արման Գրիգորյանը, հետախուզվում է, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Որդին շարքային տղա է, ուր ուզենա կեթա, հիմա ես ու իմ տղա Զարզանդ մեկ ենք, հա՞: Զարզանդն ուր ուզենա, կեթա իրա համար, շարքային տղա ա, էթում են բուժման, ասում եք՝ գեներալ փախավ, գնաց Ամերիկա, հետ եմ գալիս Հայաստան, հիմա էլ տնից եք «փախցնում», ասում եք՝ գեներալը տնից փախավ: Լսեք, հիմա ոնց ապրենք մենք… տեսնում եք, մի տարի ա՝ ոչ մի բանի չենք խառնվում, փորձում ենք հանգիստ մեր համար ապրենք: Հիմա, դուք՝ լրագրողներդ, որպես ինձ հարազատ մարդիկ, դուք ճշտեք, թե իմ «տնից փախչելու մասին» ինֆորմացիան ով ա տարածել, ես չեմ նեղանում սայթից ու թերթից»:

Դիտարկմանը, թե գուցե իրավապահներին դիմի, Սարոյանն ասաց. Ես տե՞նց մարդ եմ»:Դիտարկմանը, թե ասում եք՝ գեներալները չեն փախչում, բա Միքայել Հարությունյանը, Միհրան Պողոսյանը ոնց են փախել, Սեյրան Սարոյանն ասաց. «Նա գնացել ու չի եկել, գնացել, չեն եկել, ուրիշ բան է փախչելը: Իրենց էլ պետք է հարցեր տան, իսկ Մանվել Գրիգորյանը չի գնա»: