Վայոց Ձորի մարզի Շատին գյուղում այսօր` օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ոստիկանների գործողությունների պատճառով 32-ամյա կնոջ ինքնազգացողությունը վատացել է, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Շատինի համայնքապետ Արթուր Ստեփանյանը:Համայնքապետը նշեց, որ Հայրապետյաններին տրված հանրակացարանի սենյակից պետք է դուռ բացվեր, որպեսզի սենյակ տրամադրեին մի կնոջ, Հայրապետյանները չեն համաաձայնել, միջամտել են ոստիկանները:
«Հայրապետյաններին տրված հանրակացարանից պետք է դուռ բացվեր, ոստիկանները եկել են, Վազգեն Հայրապետյանը խոչնդոտել է, աղջիկն էլ հուզվել է, իրեն չէր կարելի, քանի որ 3 ամիս առաջ էր սրտի վիրահատություն տարել, ու այս դեպքը պատահել է»,- ասաց համայնքապետը:Արթուր Ստեփանյանի խոսքով` 32-ամյա Քրիստինե Հայրապետյանը ամուսնացած է եղել, 2 անչափաս երեխաներ ունի:Ոստիկանության լրատվության վարչությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ քաղաքացու հաղորդման հիման վրա նյութեր են կազմվել, գործն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե: