«Սեքյուրիթի դրիմ»-ի սեփականատերերը հսկայական գումարներ են հափշտակել ՃՈ-ից. ինչ մեխանիզմ է գործել

«Սեքյուրիթի դրիմ»-ի սեփականատերերը հսկայական գումարներ են հափշտակել ՃՈ-ից. ինչ մեխանիզմ է գործել:

Երեկ իրավապահ մարմինները տեղեկացրին, որ ձերբակալել են մայրաքաղաքում լուսացույցների տեղադրումն ու սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանին ու «Էլիփս Ջի Էյ» ընկերության հաշվապահին։Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ամիսներ առաջ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:«Սեքյուրիթի դրիմ» ընկերության արդեն նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը, բացի ցուցմունքից, նաև դիմել է դատարան և վիճարկում է ընկերության սեփականատերերի կողմից իրեն աշխատանքից հեռացնելու որոշումը։ Ղլեչյանն այս տարվա ապրիլ ամսին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր, որ իր հետ կապված խնդիրներն առաջացել են այն բանից հետո, երբ ինքը հրաժարվել է մասնակից դառնալ ընկերության հիմնադիրների կողմից իրականացվող հանցագործությանը։ «Հիմնադիրները՝ Գուրգեն և Ալեքսանդր Սարգսյանները, որոնք նաև «Էլիպս» ընկերության հիմնադիրներն են։ «Էլիպս» ընկերությունը ծառայություններ է մատուցում «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը, որն ուղղված է ճանապարհային երթևեկության համակարգի շահագործմանը, բայց փաստացի «Էլիպս» ընկերությունը չի մատուցում այն ծավալով ծառայություններ, որոնք որ արտացոլված են ընդունման-հանձնման ակտերում։ Ես էլ, հետևաբար, հրաժարվել եմ հաստատել այդ ակտերը, որոնցով Ճանապարհային ոստիկանությունից «Սեքյուրիթի դրիմ»-ի միջոցով «Էլիպս» ընկերության համար ամսական 70 միլիոնները վերցնել, որովհետև ունեմ ձևավորված կայուն համոզմունք, որ այդ ծառայությունները չեն մատուցվում, և դա կեղծիք է։ Ես հրաժարվել եմ այդ հանցագործությունը կատարելուց և այդ պայմաններում ես նախընտրեցի գնալ»,- ասել էր Ղլեչյանը։Անդրադառնալով հարցին, թե ինչպես է տևական ժամանակ հնարավոր եղել ոստիկանությունից հսկայական գումարներ վերցներ և մասնավոր ընկերությանը տալ չմատուցած ծառայությունների համար, Ղլեչյանը պատասխանել էր, որ այս դեպքում ոստիկանությունը տուժող կողմ է, Զաքարյան եղբայրները ոստիկանությանը խաբել են կեղծ փաստաթղթեր կազմելով և դրանք ներկայացնելով Ճանապարհային ոստիկանությանը։ Վերջինս էլ, վստահելով այդ փաստաթղթերին, կատարել է վճարումներ, թեև իրականում այդ ծավալի ծախսեր, աշխատանքներ չեն կատարվել։Ի դեպ, Արամ Ղլեչյանը նշել էր, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը որևէ կապ չունի «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ։ «Ես իմ գործունեության ընթացքում որևէ անգամ չեմ հանդիպել նախագահի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին։ Ես ճանաչում եմ Ալեքսանդր Զաքարյանին, որը որոշակի շրջանակներում սիրում է իրեն կոչել Սաշիկ՝ հավանաբար մտովի նույնացվելով այն անձի հետ, որը շոյում է նրա ինքնասիրությունը։ Սերժ Սարգսյանի եղբոր հետ նույնացվելը Զաքարյան եղբայրների կողմից հնարք է եղել, որի միջոցով կարողացել են Ճանապարհային ոստիկանությունից այդ գումարները հափշտակել»,-ասել էր Ղլեչյանը։