Մասնագետների ահազանգը. դեռահասության շրջանում մազահեռացումը կարող է ճակատագրական լինել

Մայրը կարող է խիստ լինել դեռահաս աղջկա հագուստի, սոցցանցերում ժամանակ վատնելու, հակառակ սեռի հետ հարաբերությունների հարցերում, բայց կա մի նուրբ թեմա, որտեղ մայրիկներն ուղղակի պարտավոր են զգոն լինել, քանի որ փոքրիկ անուշադրությունն անգամ աղջնակի համար կարող է ճակատագրական լինել, ընդհուպ՝ մինչև անպտղություն։

12-15 տարեկան աղջնակներն արդեն հասունության շեմին են և ուզում են գրավիչ լինել։ Նրանց մեծ մասն այդ նպատակին հասնելու համար նաև մազահեռացման տարատեսակ մեթոդների է ցանկանում դիմել։ Օր օրի սնկի պես աճող և մատչելի գնային քաղաքականություն վարող մազահեռացման կենտրոնները (էլոս, ֆոտո, լազերային, ասեղային և այլն) ի՞նչ վնաս կարող են հասցնել դեռահաս աղջիկներին։ Sputnik Արմենիան խոսել է ոլորտի մասնագետների հետ, ովքեր կիսում են մայրիկների անհանգստությունը և ահազանգում։Բժիշկ-էնդոկրինոլոգ Սաթի Մովսիսյանը փաստում է, որ 12-13 տարեկան աղջիկների մոտ առկա են հորմոնալ լուրջ տեղաշարժեր, քանի որ օրգանիզմը վերափոխման պրոցեսի մեջ է։ Բոլոր հորմոնալ օղակները միմյանց հետ փոխկապակցված են, և չի կարելի այդ շրջանում որևէ միջամտություն անել և օրգանիզմում ընթացող պրոցեսները փոփոխությունների ենթարկել։

«Մազակալումը աղջիկների մոտ կարող է լինել հորմոնալ լուրջ պաթոլոգիայի դրսևորում։ Երեխայի մայրը նախ պետք է դիմի էնդոկրինոլոգին՝ հասկանալու համար՝ այդ անցանկալի մազերն ինչ բնույթ ունեն, արդյո՞ք դրանք օրգանիզմի առանձնահատկությունն են կամ պայմանավորված են ժառանգական տրամադրվածությամբ, թե՞ էնդոկրին խախտման դրսևորումներ են»,-ասում է բժիշկ-էնդոկրինոլոգը, հավելելով, որ էսթետիկ կողմը կնոջ համար կարևոր է, անգամ լինում են դեպքեր, երբ աղջնակի ձեռքը բռնած՝ հենց մայրն է նրան տանում մազահեռացման կենտրոն, սակայն անցանկալի մազերից չի կարելի ազատվել առանց բժշկական խորհրդատվության։«Պետք է ծնողի մեջ մտցնել այն գիտակցումը, որ առաջնահերթը երեխայի առողջությունն է, ոչ թե էսթետիկ կողմը։ Խնդիրը պետք է լուծել, այլ ոչ թե հետևանքը վերացնել։ Ստեղծված պաթոլոգիկ վիճակն անուշադրության մատնելը հետագայում լուրջ խնդրի կարող է հանգեցնել, ինչպիսին, օրինակ, անպտղությունն է»,-նշում է Մովսիսյանը՝ հավելելով, որ հաճախ են լինում դեպքեր, երբ խնդիրը լուծելուց հետո մազակալումը վերանում է՝ մազերը թափվում են. ուղղակի պետք է համբերություն ունենալ և մտածել հետագա խնդիրներից խուսափելու մասին։ Բժիշկ-կոսմետոլոգ Մարինե Օհանյանը նշում է, որ իր պրակտիկայում եղել է դեպք, երբ մայրը 9 տարեկան աղջնակին է բերել մազահեռացման կենտրոն և պահանջել խնդիրը լուծել։ Մասնագետը դա բացատրում է նրանով, որ ծնողները հաճախ անելանելի վիճակում են հայտնվում, որովհետև իրենց երեխաներին բակում կամ դպրոցում ծաղրում են։«Էպիլիացիայի բոլոր ձևերը պահանջում են, որպեսզի աղջիկը լինի գոնե 17-18 տարեկան։ Ցավոք, Հայաստանում մազահեռացման ծառայություններից օգտվելը երիտասարդացել է և դեռ հարց է, թե 12-13 տարեկան աղջկա աճող օրգանիզմին ցուցվա՞ծ է այդ քանակությամբ լազերային ճառագայթումը»,-նշում է մասնագետը և հավելում, որ հետազոտություններ այդ ուղղությամբ արված չեն, սակայն չկա մազահեռացման ամենաանվտանգ կամ ամենաարդյունավետ մեթոդ։Մասնագետը նաև նշում է, որ հայերը, հրեաները, վրացիները, գնչուները ունեն հատուկ գենետիկա՝ նրանք հակված են մազակալման։