Կեղծիքի զոհ են դարձել նաև Հունաստան մեկնողները. ինչ է բացահայտվել

Կեղծիքի զոհ են դարձել նաև Հունաստան մեկնողները. Ինչպես հայտնի է`ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել «Էյ ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերեւույթ խարդախություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։Բանն այն է` «Էյ ընդ Ար տուր»-ի տնօրինությունը դեպի Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ եւ Հուրգադա ծովափնյա քաղաքներում հանգիստ կազմակերպելու պատրվակով այս տարվա սկզբից մինչեւ հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում հավաքագրել է բազմաթիվ հաճախորդների, որոնցից մի մասին նաեւ ուղեւորափոխադրել դեպի նշված հանգստի վայրեր: Եւ չարաշահելով հաճախորդների եւ գործակալությունների ներկայացուցիչների վստահությունը՝ փաստացի ստացել է ուղեւորությունը կազմակերպելու համար նախատեսված գումարները, սակայն դրանց զգալի մասը չի փոխանցվել իրենց հետ համագործակցող չարթերային ավիափոխադրում իրականացնող ընկերությանը՝ այդ կերպ բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար:

Արդյունքում տուժում է ամբողջ ոլորտը, քանի որ շատերը չգիտեն, թե որ ընկերությանը, տուրօպերատորին և փոխադրուղին վստահեն:

Ի դեպ, «Էյ ընդ Ար տուր»-ը Հայաստանում համարվում է թուրքական «Թեզ տուր»-ի ներկայացուցչությունը:

ArmLur.am-ի հետ զրույցում Զորիկ Վարդանյանը նշեց, որ նման անպատասխանատու գործելաոճ «Թեզ տուր»-ի կողմից առաջին անգամ չէ. մոտ ութ տարի առաջ թուրքական նույն «Թեզ տուր»-ը տեղական մեկ այլ ընկերության հետ համագործակցելով, մեծ վնասներ հասցրեց տեղական տուրօպերատորներին: Հիշենք` 2011 թվականին Ամանորի նախաշեմին այդպես էլ չմեկնած քաղաքացիներին, որոնք ուղեգրերը ձեռք էին բերել «Թեզ տուր»-ից:

Տնօրենի խոսքով, իր հիմնած ընկերությունն այս ոլորտում է դեռեւս 1989 թվականից: Եւ 30 տարվա գործունեության ընթացքում չի հիշում մի դեպք, որից սպառողը տուժած լինի. «1990 թվականին սկսել ենք դեպի Եգիպտոս ուղղությունը: Մենք ունենք 30 տարվա համբավ եւ մեր գործունեության պատմության մեջ չի եղել որեւէ դեպք, որ մարդկանց ուղեւորափոխադրենք ու հետ չբերենք»: Նշենք, որ «Մարաթուկ»-ն այս պահի դրությամբ ունի շաբաթական 4 չվերթ դեպի Շարմ Էլ Շեյխ եւ Հուրգադա, 3 չվերթ դեպի Կրետե կղզի Հունաստան:

Սա դեռ ամենը չէ. պարզվում է` այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ վաուչերները ձեռքներին մոտենում են «Մարաթուկ»`դեպի Հունաստան ավիատոմս գնելու նպատակով:

Նույն տուրընկերությունը` «Թեզ տուր»-ն ու ««Էյ ընդ Ար տուր» -ը դեռ մարտ ամսին ոչ միայն դեպի Հուրգադա, այլ հունական տարբեր կղզիներ և հատկապես Կրետե կղզի, վաճառել են հյուրանոցների ուղեգրեր, որոնց դիմաց, հետո պարզվել է, որ չեն վճարել:«Բայց հաճախորդներին փաստաթուղթ են տվել, որ այդ հյուրանոցների ուղեգրերի դիմաց վճարումները կատարված են: Մարդիկ գալիս են ընկերություն ավիատոմս գնելու, բայց պարզվում է, որ կեղծված վաուչերներ ունեն իրենց ձեռքերին: Պարզվում է` ոչ մի գումար էլ վճարած չէ, և այդ վաուչերները, որոնք տրամադրել են զբոսաշրջիկներին, ներկայումս ուժի մեջ չեն արդեն՝ նկարված են, կամ չեղարկված ՝ վճարումներ չստանալու պատճառով: Այսինքն՝ իրականում դրանք կեղծված վաուչերներ են: Այդ վաուչերների վրա գրված է «Թեզ տուր» ընկերության անունը: Անգամ կնիք կա ե′ւ «Թեզ տուր»-ի ե′ւ հյուրանոցի անվան դիմաց:

Մեզ հայտնի դարձավ, որ նաև քաղաքացիներն իրենց հերթին ստուգել են վաուչերները եւ պարզել, որ իսկապես՝ դրանք կեղծված են: Մինչդեռ իրենք հյուրանոցի համարներն ամրագրելու համար գումար վճարել են դեռեւս մարտ ամսին:

Եւ հիմա մարդիկ պետք է մեկնեն, բայց փաստի առաջ են կանգնել, որովհետեւ ամրագրած հյուրանոց չունեն: «Մենք դեպի Կրետե կղզի ավիատոմս կվաճառենք, բայց սպառողներին հետ չենք կարող այդպես վարվել. մարդիկ գնան հասնեն Կրետե ու փողոցո՞ւմ մնան»,- անկեղծացավ «Մարաթուկ»-ի տնօրեն Զորիկ Վարդանյանը և այն մարդկանց, որոնք ունեն Թեզ տուրի կեղմից վաուչերներ կոչ է անում ստուգեն դրանց առկայությունը հյուրանոցներում:

Պարզվում է`«Էյ ընդ Ար տուր»-ի պատմությունն ավելի խորը արմատներ ունի: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հինգ տարի է, ինչ հայկական տուրիստական շուկա փորձ է անում ներխուժել Նուռ Գամալ անունով անձնավորություն: Նա ազգությամբ ղազախ է: Ըստ որոշ տեղեկությունների`Նուռ Գամալը Ղազախստանում հետախուզման մեջ է գտնվել: Շրջանառվող լուրերի համաձայն Նուռ Գամալը Ղազախստանում բազմաթիվ քաղաքացիներից գումարներ է վերցրել եւ հետ չի վերադարձրել: Ապա փախել է երկրից, որից հետո նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել: Ըստ այդ տեղեկությունների՝ Նուռ Գամալը հաստատվել է Եգիպտոսում եւ ամուսնացել եգիպտացու հետ, ինչից հետո էլ եկել է Հայաստան:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Նուռ Գամալն է Եգիպտոսում սկսել համագործակցել «Թեզ տուր»-ի հետ, որի հայաստանյան ներկայացուցիչը Հայաստանում հայտնի «Էյ ընդ Ար տուր» ընկերությունն է, որին օգնել է իրականացնել չվերթների վաճառքը՝ հայկական գործակալություններին առաջարկելով շուկայական արժեքներից ցածր գներով փաթեթներ: Նուռ Գամալը նախկինում ևս փորձել էր համագործակցել հայաստանյան մի քանի տուրօպերատորների հետ, բայց վերջիններիս կողմից մերժվել էր, անպատասխանատու աշխատաոճի պատճառով: